211652_close_icon
views-count2428 դիտում article-date 19:38 06-12-2022

Կարեն Գիլոյանը շրջայց է կատարել Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, շրջայց կատարել Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև այցելել մարզկենտրոն Աշտարակ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է Արագածոտնի մարզում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ինչի արդյունքում ավելի մեծ թվով երեխաներ հնարավորություն կունենան զբաղվելու սպորտով, իսկ հետագայում գուցե նաև համալրեն մեդալակիր մարզիկների թիվը: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ առկա են բոլոր պայմանները՝ թե՛ ֆինանսներ, թե՛ մարդկային ռեսուրսներ, որպեսզի մարզում սպորտն ավելի մասսայական դառնա, տեղի մարզիկներն ավելի մեծ հաջողություններ ունենան, և Արագածոտնի մարզը որոշ մարզաձևերի առումով շատ ավելի մրցունակ դառնա:

Նշենք՝ Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցը մեկն էր այն 68 մարզադպրոցից, որոնք վերջերս Կառավարության որոշմամբ համալրվել են նոր մարզագույքով: Մասնավորապես՝ Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցին մարզումային ծանրաձող և մագլցման պարան է տրամադրվել: Արագածոտնի մարզի երեք մարզադպրոցին հատկացված մարզագույքի ընդհանուր արժեքը շուրջ 7,5 մլն դրամ է կազմում:

Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ 200 սան ունի, որոնք 10 խմբով մարզումներ են իրականացնում ֆուտբոլ, վոլեյբոլ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ և դահուկավազք մարզաձևերից: Քննարկումներ են ծավալվել նաև Ապարանում դահուկային սպորտի զարգացման և ենթակառուցվածքների ապահովման վերաբերյալ:

Կարեն Գիլոյանը կարևորել է Արագածոտնի մարզում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը

Նմանատիպ նյութեր