211652_close_icon
views-count11146 դիտում article-date 11:42 04-12-2022

Լրացավ Արարատի մարզի Նարեկ համայնքում 8 մետր բարձրություն ունեցող խաչի տեղադրման մեկ տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Զորեղ են այն մարդիկ, ովքեր Աստծո պատգամ են կատարում։ Այսօր` դեկտեմբերի 4֊ին, լրացավ Արարատի մարզի Նարեկ համայնքում 8 մետր բարձրություն ունեցող խաչի տեղադրման մեկ տարին։

Այս խաչն իր մեջ խտացնում է դարերի կենսափորձով բյուրեղացած ազգային բնավորության մի շարք հատկանիշներ։ Խաչը կանգնեցվել է  արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակվածների հիշատակին։

Պետք է հաշվի առնենք, որ այս օրը նվիրական է նարեկցիների համար։
Խաչի օրհնման և բացման արարողությունը տեղի է ունեցել 2021թ. դեկտեմբերի 4֊ին, Արարատի մարզի Նարեկ համայնքում։ Խաչքարերը տեղադրվել են ի պատիվ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մուշ Մհերի Հակոբյանի հիշատակին, ով զոհվել է Հադրութում, սեպտեմբերի 30֊ին  ադրբեջանական սադրիչ գործողությունների ժամանակ։ Իսկ մյուս  խաչքարը նվիրված է Շոթա Քաջիկի Բալեյանին, ով անհետ կորել է  հոկտեմբերի 17֊ից։

Այդ խորհրդանշական արարողությունն իրականացրեց Մասյացոտնի թեմի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Դերենիկ  քահանա Միքայելյանը։

Սրբազան խաչն օրհնելուց հետո արժանապատիվ քահանան պատգամեց, որպեսզի այն ծառայի ոչ միայն համայնքի բնակիչներին, այլ նաև ողջ հայությանը։

Բացմանը ներկա էր դպրոցի տնօրինությունը՝ իր անձնակազմով,  մանկապարտեզի տնօրինությունը, համայնքապետը, ինչպես նաև գյուղի բնակչությունը։

Խաչը նախաձեռնողը և կառուցողը Նարեկ համայնքի բնակիչ Սարգիս Բալեյանն է, ով հարկ է համարել իր կրոնի խորհրդանիշը տեղադրել իր համայնքում։

«Խաչը քրիստոնյաների համար փրկության, հաղթանակի, հավիտենական կյանքի խորհրդանիշն է։ Ամբողջ հանրապետությունում ամեն գյուղ իր սկզբնամասում խաչ էր տեղադրում։ Նկատելով, որ դա բոլորի համար ընդունելի կարգ է, մեր գյուղում էլ չկար, որոշեցի ես էլ խաչ տեղադրել։  Խաչը հպարտորեն վեր հառնեց բարձունքին, տեղադրման վայրը նույնպես պատահական չի ընտրված. տեղադրել ենք այնպիսի տարածքում, որտեղից երևում է ամբողջ գյուղը»,-ասաց Ս. Բալեյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր