211652_close_icon
views-count3307 դիտում article-date 11:21 30-11-2022

Էրիկ Իսրայելյան. Հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված զինվորների մայրերին․ NEWS.am

Ինձ համար շատ կարեւոր էր այս չեմպիոնությունը: Իրականցրեցի մանկությանս երազանքը: Ինձ շատ պետք էր այս չեմպիոնությունը, շատ ապացուցելու բան կար բոլորին: Հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված զինվորների մայրերին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի երիտասարդների աշխարհի նորընծա չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը:

Նոյեմբերի 26-ին Իսպանիայում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Էրիկ Իսրայելյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 60 կգ քաշայինների եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գորդուլավային:

18-ամյա բռնցքամարտիկը երիտասարդներում Հայաստանի չորրորդ աշխարհի չեմպիոնն է՝ Բագրատ Օհանյանից (1999), Նիկոլ Հարությունովից (2012) եւ Անուշ Գրիգորյանից (2014) հետո:

Էրիկ, շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես: Հավատու՞մ էիր հաղթանակիդ:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Սա իմ երազանքն էր՝ դառնալ աշխարհի չեմպիոն: Եվրոպայի առաջնությունից հետո գլխավոր նպատակս աշխարհի առաջնության ոսկե մեդալն էր, եւ ես դա արեցի:

Բարդ տրվե՞ց ոսկե մեդալը:

Շատ լավ մարզումային փուլ էի անցել: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում մարզվում էի օրը 4 անգամ մարզիչիս՝ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ: Իմ առջեւ մի նպատակ էի դրել, որ պետք է այստեղ էլ ոսկե մեդալակիր դառնամ: Մարզիչիս հետ մարզումներից բացի, նաեւ առանձին էի մարզվում տանը: Ոչ մի րոպե կանգ չեմ առել, քանի որ ինձ շատ պետք էր այս չեմպիոնությունը, շատ ապացուցելու բան կար բոլորին: Գնացել էի Իսպանիա հաղթելու նպատակով եւ յուրաքանչյուր մենամարտիս այդ գիտակցությամբ էի մոտենում: Զգում էի, որ պետք է ոսկե մեդալակիր դառնամ: Մանկուց երազել էի դրա մասին:

Ոսկե մեդալի ճանապարհին 5 հաղթական մենամարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնացնես:

Աշխարհի առաջնությունում հեշտ մենամարտեր չեն լինում, թույլ մրցակիցներ չկան: Այստեղ միայն ուժեղ տղաներ են կռվում ու բոլորը գալիս են քեզ հաղթելու: Որեւէ մեկը չեմ առանձնի: Բոլորն էի բարդ էին, բայց ես կարողացա նոկաուտներով հաղթել: Ես այդպես էի որոշել. անել ամեն ինչ, հաղթել այնպես, որ մրցավարները չկարողանային հաղթանակս խլել: Այստեղ 5 մենամարտից 3-ը հաղթեցի նոկաուտով, իսկ Եվրոպայում՝ 5-ից 4-ում: Երկու առաջնություններում էլ լավագույնն էի:

Ո՞ր մենամարտից հետո հասկացար, որ մոտ ես չեմպիոնությանը:

Իրականում մինչեւ աշխարհի առաջնությունը ներքուստ գիտեի, որ կանգնելու եմ պատվո հարթակի առաջին աստիճանին: Ես զգում էի՝ Իսպանիայում իմ պատվին հնչելու է մեր ազգային օրհներգը: Իմ մարզավիճակն էր թույլ տալիս այդպիսի ինքնավստահություն ունենալ: Ես շատ լավ էի պատրաստվել, ինձ շատ լավ էի զգում ռինգում: Այնպես էի մարզվել, որ այլ տարբերակ չկար:

Եզրափակիչում հաղթեցիր վրացի բռնցքամարտիկին...

Նրա հետ ռինգում հանդիպել էի Եվրոպայի առաջնությունում: Այնտեղ նրան հաղթել էի կիսաեզրափակիչում: Նա եկել էր ռեւանշի, բայց նրա ձեռքից վերցրի ռեւանշը եւ նա վերադարձավ Վրաստան:

Ի՞նչ զգացողություններ ունեիր պատվո հարթակին արդեն աշխարհի չեմպիոնի կարգավիճակում:

Հպարտության եւ երջանկության զգացողություններ ունեի: Հայաստանը վաղուց բռնցքամարտում աշխարհի չեմպիոն չէր ունեցել. դու կարողացել ես երկրիդ բերել այդ մեծ հաղթանակը: Այս հաղթանակի համար շնորհակալ եմ հայրիկիս: Նա իմ ամենամեծ մոտիվացիան է: Այս հաղթանակի մեծ մասը նրանն է, քանի որ նա ինձ շատ է օգնում, ոգեւորում, ուժ տալիս եւ հավատում իմ հաղթանակին:

Խոսքիդ մեջ ասացիր, որ շատերին ապացուցելու խնդիր ունեիր: Ո՞ւմ նկատի ունես:

Այո, իսկապես ես ապացուցելու խնդիր ունեի այն մարդկանց, որոնք ուզում էին՝ ես պարտվեի: Որոշ մարդիկ սխալ են պահել իրենց, եւ ես նրանց ապացուցելու խնդիր ունեմ: Հաղթող տղան միշտ հաղթում է: Ռինգ մտնում ես միայնակ եւ բռնցքամարտողը դու ես: Ռինգի ներսում ինքդ քեզ ապացուցելու խնդիր ունես, ռինգից դուրս բոլոր այն մարդկանց, որոնք չեն «ուզում» քեզ: Եվ ես ապացուցեցի ինչպես ինձ, այնպես էլ այդ մարդկանց: Ես չէի գնացել աշխարհի առաջնություն՝ երկու մենամարտ անելու, որպեսզի բանակից ազատվեմ: Ես գնացել էի ոսկե մեդալի համար:  Ի դեպ, առիթն օգտագործելով ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը միշտ աջակցել եւ քաջալերել է ինձ սպորտում:

Եվրոպայի առաջնությունից հետո ես միշտ նշել եմ, որ հաջորդը աշխարհի առաջնության ոսկե մեդալն է: Ասացի ու արեցի: Այսպես շարունակելու եմ, անելու եմ այնպիսի բաներ, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել:

Ի՞նչ մեծ երազանք ունես մեծ սպորտում:

Մեծ նպատակներ ու երազանքներ ունեմ. ամեն ինչ անելու եմ, որպեսզի դառնամ մեծահասակների Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն:

Հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված զինվորների մայրերին:

Նմանատիպ նյութեր