211652_close_icon
views-count1258 դիտում article-date 16:17 28-11-2022

Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները բավականին ծանր խնդիրներ են առաջացրել. Շվեյցարիայի դեսպանը՝ ՀՀ-ին տրամադրվող աջակցության մասին

Շվեյցարիայի կառավարությունը 960 հազար շվեյցարական ֆրանկ կհատկացնի ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրին՝  Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 28-ին  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության պայմանագրով Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն կցուցաբերի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։ 12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կվերականգնի Հայաստանում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար: Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների՝ հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացի խոսքով` Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները  բավականին ծանր խնդիրներ են առաջացրել Վայոց ձորի, Գեղարքունիքի,  Սյունիքի մարզերի համար:

« Դրանց հետևանքով 90 հազար մարդ բավականին ծանր վիճակում է հայտնվել  պարենային անվտանգության և տնտեսական կենսակերպի առումով: Մի ամբողջ ավանդույթ է ձևավորված Շվեյցարիայի կառավարության կողմից Հայաստանին աջակցության առումով»,-հավելեց դեսպանը:

Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը նշեց, որ  ծրագիրը նպատակ ունի տնտեսական աջակցություն տրամադրել երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:

«Ավելի քան 50 բնակավայր նախապես ընտրվել է, դրանցից 15-ին ուղիղ աջակցություն կտրամադրվի: Խոսքը 90 հազար մարդկանց մասին է: Հակամարտության հետևանքով տուժած 15 համայնքներում ավելի քան 1000 տնտեսություն կա` 4000 մարդ, որոնք ուղիղ աջակցություն կստանան»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր