211652_close_icon
views-count45204 դիտում article-date 12:15 22-11-2022

Արտակարգ իրավիճակ Երևանում․ Ժողինստիտուտի Զեյթունում գտնվող ֆակուլտետներից մեկում կասկածելի հոտ է առաջացել, ինչն էլ դարձել է դասախոսներին ու ուսանողներին տարհանելու պատճառ․ տեղում են նաև ԱԻՆ-ի քիմիկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում գտնվող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում կասկածելի հոտ է տարածված, ինչի պատճառով էլ ներսում գտնվող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատակիցների ու ուսանողների մոտ հազ է սկսվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արայիկ Առուստամյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գոռ Գևորգյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտ պարեկներ Ռազմիկ Ղարիբյանն ու Արթուր Թևոսյանը։

Օպերատիվորեն Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների թիվ 16 բրիգադը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, տեղում բուժօգնություն ցուցաբերեն քաղաքացիներին։ 

Փրկարարները, պարեկները, ոստիկանները դասախոսական կազմի հետ տարհանել են ուսանողներին։ Եվ այս պահին քիմիկները հատուկ սարքի միջոցով կատարում են որոնողական աշխատանքներ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր