211652_close_icon
views-count1218 դիտում article-date 22:18 16-11-2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել 2023 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի շահագրգիռ քննարկումների համար, որոնք տեղի են ունեցել և՛ հանձնաժողովների միասնական համատեղ նիստում, և՛ տարբեր հանձնաժողովներում: Իհարկե, թե՛ կառավարության անդամները, թե՛ պատգամավորներն անդրադարձել են ամենատարբեր հարցերի, և ես կուզենայի ընդամենը մի քանի ընդգծումներ անել:

Առաջին ընդգծումը հետևյալն է, որ մենք 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք, ինչպես արդեն ասվեց, 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը, ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: Ես ուզում եմ՝ մենք այս փաստն ընդգծենք. 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի և COVID-ի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով:

Ընդ որում՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018 թվականի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, և 2022 թվականի նկատմամբ 47 տոկոս է: Բայց այս թվերի հետևում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարևոր է, և ես ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ 2022 թվականին մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկում: Պաշտպանության նախարարը երեկ ավելի հանգամանորեն ներկայացրել է, բայց մենք դեպքեր կունենանք, երբ նույնիսկ եռապատիկին մոտիկ կլինի: Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, իրականացնում ենք այդ անցումը:

Այս համատեքստում պիտի ընդգծեմ այն բարեփոխումների հատուկ կարևորությունը, որ մենք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ մեր այն երիտասարդները, ովքեր կընտրեն ռազմական մասնագիտությունը և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը, կստանան նշանակում՝ այդ պահին նրանք կստանան բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը և որը ամբողջությամբ կիրառելու, օգտագործելու, նկատի ունեմ՝ օտարելու իրավունք, նրանք կստանան ծառայության պայմանագրային ժամեկտն ավարտելուց հետո:

Իհարկե, սա երևացող կողմն է, և պետք է ընդգծել, որ, այո՛, այդ թվում՝ նաև մեր անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված՝ մենք լուրջ խնդիրներ ունենք լուծելու, լրջագույն խնդիրներ ունենք լուծելու: Բայց ես նաև պիտի խնդրեմ, որ մենք մեր վերաբերմունքը փոխենք այնքանով, որ բանակին վերաբերող և պետական գաղտնիք համարվող տեղեկությունները կամ պետական գաղտնիության նշանակություն ունեցող տեղեկությունների բացահայտնմանն օգնող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակենք: Բայց կարող ենք ընդգծել, որ բանակի բարեփոխման գործընթացն սկսված է, և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու:

Սոցիալական պաշտպանության ոլորտում 2018 թվականի նկատմամբ, բյուջեի աճը 56 տոկոս է, բայց կարծում եմ նաև, որ մենք պիտի արձանագրենք մի շարք կարևոր զուտ փաստական հանգամանքներ: Ըստ էության, կստացվի, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մենք երեք անգամ, գուցե՝ չորս անգամ, կարող ենք նույնիսկ ասել, բարձրացնում ենք կենսաթոշակները: Ինչպե՞ս: Մի անգամ մենք դա բարձրացրել ենք սեպտեմբերից՝ ներդնելով նաև անկանխիկ առևտրի պարագայում հետվճարի համակարգը, երբ կենսաթոշակառուներն անկանխիկ առևտուր անեն, իրենց առևտրի 10 տոկոսը հետվճարով ստանում են: Հաջորդ անգամ թոշակը կբարձրանա 2023 թվականի ամռանը՝ հուլիսին, երբ հետվճարի համակարգը նույնպես համապատասխան այդքանով կբարձրանա, որովհետև եթե թիվը բարձրանում է, այդ թվի 10 տոկոսն էլ համապատասխանաբար բարձրացածի չափ բարձրանում է: Կստացվի, որ 4 անգամ մեկ տարվա ընթացքում մենք թոշակ ենք բարձրացնում:

Ի սկզբանե այդպիսի գաղափար կամ կարծիք կար, որ թոշակառուների հետվճարի համակարգը պետք է մեկ տարի գործի, բայց մեր վերաբերմունքն այն է, որ այդ համակարգը պետք է գործի մշտապես: Ընդ որում՝ ես չեմ բացառում, իհարկե, կքննարկվի, որ հետագայում մենք ավելի մեծ շեշտ դնենք թոշակների ավելացման անկանխիկ համակարգի վրա: Սա ինչո՞վ է կարևոր: Դուք գիտեք, որ չնայած այն բանին, որ մենք բյուջե հարկային եկամուտները մեծացրել ենք էականորեն, բայց նաև ոչ մի գաղտնիք չկա, որ մեր երկրում շարունակվում է ահռելի չափով ստվերային տնտեսություն լինել: Եվ մենք նաև այս մեր գործողություններով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկում էինք, և նա լավ բանաձև, ձևակերպում առաջարկեց, որ մենք այս անկանխիկի քաջալերման համակարգով, մեր հարգելի թոշակառուներին առաջարկում ենք, որ նրանք մեզ օգնեն իրենց թոշակները բարձրացնելու համար անհրաժեշտ եկամուտներ գեներացնելու, որովհետև թոշակները, որոնք տասնյակ միլիարդավոր դրամներ են ամեն տարի, այդ թոշակների մի մասը ակնհայտորեն ծախսվում է ստվերային տնտեսության դաշտում, իսկ անկանխիկ առևտրի դեպքում՝ դա հնարավոր չէ: Հետևաբար՝ մենք այստեղ համոզված ենք, որ լրացուցիչ հարկերի գեներացիա տեղի կունենա: Կարծում եմ, որ սա, իսկապես, կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը մենք իրականացնում ենք:

Հաջորդ կարևոր նորամուծությունը, որը 2022 թվականից գործում է և կշարունակվի, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում դրամական աջակցություն տրամադրելու մասին է: Ուրախ եմ արձանագրել, որ այս տարվա առաջին տասն ամիսների արդյունքներով շուրջ 8919 երեխա ստանում է այդ աջակցությունը: Մենք հույս ունենք, որ այս երեխաների թիվը կաճի շատ մեծ տեմպերով: Սրան նպաստում է նաև, որ մենք ընտանիքում երեխայի ծնվելու դեպքում և նոր ձևավորվող ընտանիքների համար, գիտեք նաև, որ հիփոթեքային ծրագիր ենք իրականացնում բնակարանների ձեռքբերման կամ կառուցման, ինչը նույնպես շատ կարևոր է:

Ընդդիմությունն անընդհատ խոսում է գնաճի մասին: Այո, որևէ մեկը չի ժխտում, և պիտի արձանագրենք նաև, որ գնաճը գլոբալ երևույթ է: Ընդ որում՝ Հայաստանը համեմատած շատ երկրների հետ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ: Բայց ես ուզում եմ նաև ընդգծել, թե մարդն ինչպե՞ս պետք է գնաճի դեմ պայքարի՝ եկամուտների աճով, աշխատավարձի աճով: Պիտի նորից ընդգծեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143 000 նոր աշխատատեղ, ընդ որում՝ 2022 թվականի սեպտեմբերի տվյալներով 73 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը երկրում և 46.1 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Սա շատ կարևոր է: Այսինքն՝ գնաճի մասին մենք խոսում ենք, պետք է մարդկանց եկամուտների աճը նույնպես ընդգծենք:

Առողջապահության ոլորտի մասին արդեն ասվեց: 2018 թվականի նկատմամբ առողջապահության բյուջեն 2023 թվականին աճում է 87 տոկոսով: Պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների բուժաշխատողերի աշխատավարձը կավելանա, միջինը՝ 40 000 դրամ, որը 20-23 տոկոս է: Բայց այս աշխատավարձային քաղաքականության մեջ, սկսած՝ զինված ուժերից, շարունակած առողջապահությունով, մեզ համար կարևոր է զուգահեռ որակից նոր ստանդարտների սահմանումը: Այսինքն՝ մենք ճիշտ չենք համարում աշխատավարձերի ուղղակի բարձրացում՝ առանց որակական նոր չափանիշների և ստանդարտների սահմանման:

Եվ առողջապահության համակարգում էլ այս փոփոխությունը տեղի է ունենալու, որովհետև գիտեք, որ 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ արդեն մեկուկես ամիս անց միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել: Սա ատեստացիայի մի համակարգ է, երբ մենք բոլորս պետք է համոզված լինենք, որ եթե որևէ մարդու վճարում ենք որպես բժշկի, ուրեմն նա ունի համապատասխան որակավորում: Բայց պիտի ասեմ նաև, որ առողջապահության ոլորտում, կարծում եմ, ևս մեկ շատ էական, եթե ոչ հեղափոխական փոփոխություն է տեղի ունեցել: Առողջապահական համակարգում գիտեք, որ պետպատվերի համակարգ կա: Մենք վիճակագրությունը նայեցինք և արձանագրվեց, որ 2018 թվականի համեմատ 2022 թվականի առաջին 10 ամիսների վիճակագրությամբ պետական պատվերով 150 հազարով ավելի դեպք է սպասարկվել: Մենք պատկերացնու՞մ ենք՝ սա ինչ թիվ է: Այսինքն՝ սա նշանակում է, որ 150 հազար ավելի վիրահատություն է արվել, բուժում է նշանակվել, ախտորոշում է արվել և այլն, և այդպես շարունակ: Սա, կարծում եմ, ամենակարևոր թիվն է, որ մենք այսօր պետք է արձանագրենք առողջապահության ոլորտում: Այսինքն՝ ամեն օր 500 լրացուցիչ մարդ ավելի է սպասարկվել, քան 2017 թվականի առաջ 10 ամիսներին: Սա շատ կարևոր արձանագրում է:

Պիտի նաև մի կարևոր բարոյական նշանակություն ունեցող փոփոխության մասին նշեմ, որ հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների անդամները նրանք պետական պատվերից օգտվում են առանց որևէ հերթի: Այս փոփոխությունը նույնպես վերջերս է տեղի ունեցել:

Հաջորդ կարևոր ընդգծումը. կրթության և գիտության ոլորտում 2018 թվականի նկատմամբ 2023 թվականին բյուջեն աճում է 75 տոկոսով: Այստեղ է պիտի արձանագրեմ, որ շատ էական բարեփոխում է տեղի ունենում: Շատ է խոսվել ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին: Եվ սա մեր լրջագույն բարեփոխումներից մեկն է: Խոսքը գնում է ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման և ավելիի մասին, երբեմն նույնիսկ եռապատկման՝ այն ընդգծմամբ, որ ոչ թե կառավարությունն է որոշում՝ ուսուցիչն ինչքան աշխատավարձ ստանա, կառավարությունը որոշում է միջակայքը, ըստ էության ուսուցիչն ինքն է որոշում, թե ինչքան աշխատավարձ ստանա: Այս տրամաբանությամբ մենք դեպքեր ունենք, երբ 150 հազարից ուսուցչի աշխատավարձն ասենք աճել է, հասել 400 հազար և ավելի: Մենք այսպիսի, ցավոք, դեռ շատ դեպքեր չունենք, որովհետև ցավով պիտի արձանագրեմ, որ առայժմ մեր ուսուցիչների մեծ, ճնշող մեծամասնությունը չի օգտվել դեռևս այս համակարգից, բայց նաև ուզում եմ ասել, որ համակարգն արդեն գործում է, և նրանք այդ հնարավորությունը կունենան: Բայց նաև ուզում եմ կրկին մի շատ կարևոր ընդգծում անել, որ անկախ ատեստավորման համակարգից մենք 2023 թվականին մինչ 100 աշակերտ ունեցող դպրոցների, իսկ այսպիսի դպրոցները հիմնականում գյուղական դպրոցներն են, շուրջ 4418 ուսուցիչների դրույքաչափերն ավելացնում ենք այնքան, որի արդյունքում դրույքաչափի առումով 90 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացող ուսուցիչ չի կարող լինել: Այսինքն՝ նախկինում գիտեք, որ մենք դեպքեր ունեինք, երբ ուսուցիչները ստանում էին 30 հազար, 40 հազար, 25 հազար նույնիսկ աշխատավարձ, որովհետև դրույքաչափերը, աշակերտի թվով ֆինանսավորումը և այլն, այդպիսի իրավիճակ էր ստեղծվել: Աստեղ էլ շատ կարևոր փոփոխություն է: Սա անկախ ատեստավորումից: Եթե նրանք ատեստավորվեցին կամավոր, արդեն իրենց աշխատավարձն էլ կրկնապատկելու և եռապատկելու հնարավորություն կձևավորվի: Նաև բնագիտության 8135 ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում է տեղի ունենալու՝ անկախ ատեստավորումից, և որոշակի գործակիցներով նրանք ստանալու ենք հավելավճարներ: Բայց չատեստավորված ուսուցիչները եթե ատեստավորվեն՝ այս գործակիցները կավելանան և այդ գործակիցների հաշվառումով արդեն դրույքաչափերը նույնպես կկրկնապատկվեն:

Մենք, ինչպես ասել եմ՝ կիրականացնենք նոր 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու մեր ծրագիրը. 2022 թվականի ավարտին նախատեսում ենք այս ծրագրի 24 դպրոց և 53 մանկապարտեզ շահագործման հանձնել, իսկ 2023 թվականի ավարտին՝ 64 դպրոց, 141 մանկապարտեզ:

Շատ կարևոր եմ համարում ընդգծել, թե ինչ դինամիկա ունենք գիտության ֆինանսավորման ոլորտում: 2023 թվականին 37 մլրդ դրամ է նախատեսված գիտության ֆինանսավորման համար: Աճը 2018 թվականի նկատմամբ՝ 155 տոկոս: Այսինքն՝ մենք գիտության ոլորտի ֆինանսավորումը կրկնապատիկից ավելի ավելացրել ենք: Օրինակ, շատ կարևոր վիճակագրություն կա. գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման սխեմայի մասին խոսել ենք: Օրինակ, լաբորատորիայի ղեկավարը 2021 թվականին և նրանից առաջ էլ 140 հազար դրամի փոխարեն հիմա արդեն 2022 թվականի հունվարից ստանում է 350 հազար: Աշխատավարձի բարձրացման սխեման արդեն դրված է, և մինչև 2025 թվականը բարձրանալու է և այս դեպքում դառնալու է 477 հազար: Այսինքն՝ այստեղ էլ ինչպես տեսնում եք՝ խոսք է գնում աշխատավարձի եռապատկելու մասին: Բայց 2022 թվականին արդեն մենք կրկնապատիկից ավելի ավելացրել ենք: Այսինքն՝ սա շատ կարևոր է. մենք ասում ենք եռապատկում ենք, բայց չենք ասում՝ հիմա 3 տոկոս ենք բարձրացնում, մնացած 97 տոկոսը կբարձրացնենք 2025 թվականին: Մենք, ընդհակառակը, մենք մասը հիմա ենք բարձրացնում, փոքր մասերը հետո: Այստեղ՝ սկսած լաբորանտներից, լաբորատորիայի վարիչներից, գիտաշխատողներից:

Բայց կա շատ ավելի կարևոր կամ նույնքան կարևոր վիճակագրություն. ես ուզում եմ խոսել այն մասին, թե պետական բյուջեից ինչքան միջոցներ են տրամադրվում վերջին տարիներին գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար: Օրինակ, 2021 թվականին այդ թիվը եղել է 2 միլիոն 704 հազար եվրո, և միայն 2021 թվականին գիտական սարքավորումներով կենտրոնների վերազինման համար պետական բյուջեից հատկացված գումարն ավելի շատ է եղել, քան նախորդ 10 տարիների ընթացքում: Այսինքն՝ մի տարվա ընթացքում մենք գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար 2021 թվականին ավելի շատ միջոց ենք հատկացրել, քան նախորդ 10 տարիների ընթացքում: Բայց սա ամբողջը չէ: 2022 թվականին այդ թիվը մենք ավելի քան կրկնապատկել ենք: Այսինքն՝ 7 մլն 263 հազար եվրո ենք տրամադրում, իսկ 2023 թվականի բյուջեով նախատեսված է 10 միլիոն գիտական սարքավորումների ձեռք բերման համար: Հասկանալի է չէ՞, որ այդ գիտական սարքավորումը, որ ձեռք ենք բերում գերժամանակակից, դա չենք տանում խարխուլ մի հատ սենյակում դնում: Դա ենթադրում է կապիտալ նորոգում իր ամբողջ գույքով և սարքավորումներով: Եթե 10 միլիոն եվրոյի գույք ենք ձեռք բերում, գիտական սարքավորում, պատկերացրեք միջավայրի փոփոխության համար համապատասխան ծախսեր ենք իրականացնում:

Ուզում եմ հատուկ անդրադառնալ, որովհետև վերջին շրջանում շատ է քննարկվում սպորտի ոլորտում տեղի ունեցող զարգացումները: 2023 թվականի բյուջեով սպորտի համար նախատեսված է 5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի նկատմամբ աճում է 69 տոկոսով, 2018 թվականի նկատմամբ սպորտի համար ծախսված բյուջեի նկատմամբ 163 տոկոսի աճ ունենք: Ընդ որում, կրկին շատ կարևոր վիճակագրություն կա, որ պիտի ձեզ ներկայացնեմ. դուք գիտեք, որ 2019 թվականին մեր մարզական քաղաքականության համատեքստում էականորեն բարելավել ենք մարզիկների վճարները, շատ դեպքերում կրկնապատկել և եռապատկել:

Հիմա մենք նոր ծրագիր ենք իրականացնում, որը, կարծում եմ, աննախադեպ է առնվազն ծավալներով, որ Փարիզի 2024թ. օլիմպիական խաղերի պոտենցիալ մասնակցող մարզիկներին մինչև 500 հազար դրամ միայն օլիմպիադային մասնակցության համար մենք վճար ենք վճարում: Եվ այսօր, օրինակ՝ մինչև 500 հազար դրամ վճարներ ստացող մարզիկների թիվը 225 է, 550 հազարից 1 մլն դրամ՝ ամենամսյա, 70 մարզիկ ունենք, իսկ 1 մլն դրամից և ավելի ստացողներ՝ 58 մարզիկ: Արդյունքը եկեք նայենք: 2022թ. Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ ծավալի մարզական հաջողություններ է ունեցել և նվաճել է Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների 289 մեդալ, որից 101՝ ոսկի, 66՝ արծաթ, 122՝ բրոնզ:

Ես նկատի ունեմ այս բյուջետային ծախսերն իրենց հետ կոնկրետ բերում են: Երբ ասում եմ, որ 70 մարզիկ այսքան է ստանում, 58 մարզիկ այսքան է ստանում, խոսքը բոլորիս հայտնի անունների մասին է, անհատական տվյալները կոռեկտ չէ և պետք էլ չէ հրապարակել, բայց սա նշանակում է, որ մեզ հայտնի ոչ մի մարզիկ չկա, որը պետությունից, կառավարությունից կոնկրետ ֆինանսական աջակցություն չի ստանում: Ավելին ասեմ՝ մենք որոշում ենք կայացրել և գիտեք, որ կան նաև տարեվերջյան վճարներ, բացի այս ամսական վճարումից, և այս տարի, օրինակ՝ 2022թ., Աշխարհի առաջնության առաջին տեղը զբաղեցրած մարզիկները կստանան 10 մլն դրամ՝ նախկին 5 մլն դրամի փոխարեն, աշխարհի երկրորդ տեղը, արծաթի մեդալ նվաճածները՝ 7 մլն դրամ՝ 3.5 մլն-ի փոխարեն, 3-րդ տեղ զբաղեցրածները՝ 4 մլն դրամ՝ 2 մլն դրամի փոխարեն, իսկ Եվրոպայի առաջնության չեմպիոնները՝ 6 մլն դրամ՝ նախկին 3 մլն-ի փոխարեն, 2-րդ տեղ զբաղեցրածները՝ 2.6 մլն դրամ՝ նախկին 1.8 մլն դրամի փոխարեն, 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 2.6 մլն դրամ՝ 1.2 մլն դրամի փոխարեն: Սա, կարծում եմ, շատ վառ արտահայտություն է այն փոփոխությունների, որ տեղի է ունեցել:

Հարգելի գործընկերներ,

Վերջին տարիներին ամենաշատ քննարկված թեմաներից մեկը և քննադատություններից մեկը գյուղատնտեսության նախարարությունը լուծարելու մասին է, թե ինչպես կարող է երկրում լինել գյուղատնտեսություն՝ առանց գյուղատնտեսության նախարարության: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2023թ. բյուջեով գյուղատնտեսական ոլորտի ծախսերը կազմում են 38 մլրդ դրամ, որը 2018 երջանկահիշատակ գյուղատնտեսության նախարարության տարվա ֆինանսավորելուց ավելի է 300 տոկոսով: Եվ մենք ոչ թե հիմա, ինչպես այս ամբիոնից ասել եմ, մարդկանց, այսպես ասած, դիզվառելիք ենք բաժանում, որ մինչև 20 լիտրը հասնում է իրենց, դառնում է 2 լիտր, կամ թեկուզ 7.5, կամ թեկուզ 10, այլ մենք գյուղատնտեսությունում իրականացնում ենք զարգացման ծրագրեր, որը միակ ճանապարհն է մեր գյուղատնտեսության անկումը, ի վերջո, կանգնեցնելու ճանապարհին: Պիտի արձանագրեմ, որ նաև 2023թ. այս ֆինանսավորումը 2022-ի նկատմամբ աճում է 20 տոկոսով:

Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ վերջապես մեզ հաջողվեց սկսել ընտանի կենդանիների դրոշմավորման ծրագիրը, որը չափազանց կարևոր հարց է երկրում գյուղատնտեսության զարգացման համար: Օրինակ ասեմ, թե ինչու է կարևոր, որովհետև մենք չգիտեն, օրինակ, մեր երկրում քանի խոշոր եղջերավոր անասուն կա: Այդքան ասում ենք պարենային անվտանգություն, պարենային անվտանգություն, բայց դա վերնագիր չի չէ միայն, դրա տակ պետք է կոնկրետ տվյալներ լինեն, մենք պետք է իմանանք ինչքան մսացու ունենք, ինչքան կաթնատու կենդանի ունենք և այլն: Ես հույս ունեմ, որ այս ծրագիրը բարեհաջող կիրականացվի և կավարտվի:

Անվտանգության ոլորտում պիտի նաև ընդգծեմ, որ ատեստավորման ծրագիրը մենք, ինչպես հայտնել ենք, իրականացնելու ենք: Այստեղ Պարեկային ոստիկանության մասին խոսվեց: Զինված ուժերի մասին արդեն ասացի, որ այդ թեման, կարծում եմ, լուծված է, բայց այդ էլ ասենք, որ դա մի օրում չի լինի, պետք է մարդիկ իրենց որակավորումը վերահաստատեն, եթե չեն համապատասխանում, ուրեմն համապատասխան որակավորում ստանան: Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, Փրկարար ծառայության ոլորտում և նաև Քրեական ծառայության ոլորտում աշխատավարձերի առնվազն կրկնապատկման մեխանիզմը կամավոր ատեստավորման միջոցով պետք է գործի:

Այսինքն այս բոլոր ոլորտներում պետք է սա տեղի ունենա: 2023 թվականի համար ասել եմ, դարձյալ կրկնեմ, շատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է տեղի ունենում. Պետական պահպանության ծառայությունը ձեր աջակցությամբ պիտի դառնա ՀՀ վարչապետին ենթակա մարմին, որովհետև հիմա Ազգային անվտանգությա ծառայության համակարգում է գործում, և պետք է ստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Եվ հույս ունեմ, որ խորհրդարանի մեր գործընկերները կաջակցեն կառավարությանն այս խնդիրները լուծելու առումով:

Արդեն նախարարը հայտարարել է, որ մենք այս տարի 500 կմ ճանապարհների ասֆալտապատման ծրագիրն իրականացրել, ավարտել ենք: Եվ ես ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ մենք հիմա ոչ միայն ճանապարհների ասֆալտապատումն ենք տեսնում, այլև՝ ոչ շատ մեծ, բայց որոշակի շարունակական որակի փոփոխություն: Կրկին ասում եմ՝ շատ փոքր, մենք դեռ շատ հեռու ենք նորմալ միջազգային ստանդարտից, բայց մենք շատ փոքր քայլերով գնում ենք առաջ: Պարզ է, որ 2023 թվականին նույնպես 500 կմ ասֆալտապաման ծրագիրը պետք է գործի: Եվ նաև այս առումով, պիտի ընդգծեմ, որ ճիշտ է, մեր կապիտալ ծախսերի մեջ հաշվարկվում է ընդհանուր առմամբ նաև պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը, բայց պիտի ընդգծեմ, որ ոչ պաշտպանական կապիտալ ծախսերի աճը նույնպես էական է, և 2018 թվականի նկատմամբ 190 տոկոսով կապիտալ ծախսի ավելացում է տեղի ունենալու: Իհարկե, հենց նաև 2022 թվականի նկատմամբ 36 մլրդ դրամի ավելի ծախս է լինելու:

Այստեղ շատ ճիշտ քննադատություն հնչեց ընդդիմության ներկայացուցչի կողմից, որ մենք կապիտալ ծախսերի թերակատարման պրոբլեմ ունենք: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը երկար տարիներ նորմալ տնտեսություն չի ունեցել: Այսօր կառավարության կապիտալ ծախսերն իրականացնում է մասնավոր հատվածը, այսինքն կառավարությունն ասֆալտ չի անում, կառավարությունը փող է տալիս ասֆալտ անողներին: Պարզվում է, որ չկան այնքան շինարարական ընկերություններ, որ կառավարության պատվերն իրականացնեն:

Մենք 231 մլրդ դրամ տալիս ենք, ասում ենք կառուցեք ճանապարհներ, կառուցեք դպրոցներ, կառուցեք մանկապարտեզներ, բայց մարդիկ չեն կարողանում կառուցել, և կառավարությունը ստիպված բյուջեն հետ է բերում, կրկին վերաբաշխում է անում: Բայց սրա պատճառը ո՞րն է, որովհետև Հայաաստանում երկար տարիներ մարդիկ շինարարական ընկերություն բացելու համար պիտի «դաբրո» ունենային, տենդեր հաղթելու համար պիտի «դաբրո» ունենային և այլն: Այսօր սկանդալի նոր աղբյուր են գտել՝ «իշխանության հետ կապ ունեցող ընկերությունը շահեց հերթական տենդերը»: Իսկ որ մենք սկսենք ասել ընդդիմության հետ կապ ունեցող ինչքան մարդ է շահում տենդերը: Այդ տենդերների կեսը, կեսից շատը դեռ նախկին իշխանության մենաշնորհի հետևանքով ստեղծված ընկերություններն են շահում, դեռ մի բան էլ սաբոտաժ են անում: Նույնիսկ ռազմավարական նշանակության ճանապարհների աշխատանքները դիտավորյալ դանդաղեցնում են, որ չկատարեն: Այդ ո՞ւմ եք մեղադրում: Մի ընկերություն կա, ձեր լիդերի ընտանիքի անդամինն է, միլիարդների տենդեր է շահել: Եկեք գնանք տեսնենք՝ այդ տենդերը ո՞նց է իրականացվում, ի՞նչ ժամկետներում. եկել կապիտալ ծախսերի իրականացման համար կառավարությանը քննադատում են: Կարող է նաև դրա համա՞ր եք ասում այդ գործերը մի արեք, որ վերջում գնանք ասենք կառավարությունը կապիտալ ծախսերի ծրագիրը չի իրականացնում:

Հարգելի գործընկերներ, իրականում ժամանակը կարճ է, և ես նաև հույս ունեմ դրան կանդրադառնամ հարցուպատասխանի ժամանակ, որովհետև անվտանգային միջավայրի հետ կապված պիտի նաև մեկ, երկու կարևոր պարզաբանումներ անեմ: Բայց այս տնտեսական բլոկն ամփոփելու համար ուզում եմ նաև հետևյալ տվյալը տալ սուբվենցիաների ծրագրերի վերաբերյալ:

Կրկին մենք ենք խթանել սուբվենցիոն ծրագրերը: 2018 թվականին 2,5 մլրդ դրամ է եղել, ընդ որում ես այն ժամանակ հիշում եմ, որոշում կայացրեցի, ասացի 5 մլրդ դրամ տվեք համայնքներին: Համայնքները կարողացան 2,5 մլրդ դրամը մի կերպ իրացնել: 2023 թվականին մենք սուբվենցիոն ծրագրերի համար հատկացնում ենք 22 մլրդ դրամ: Այսինքն, ըստ էության, 9 անգամ այս սուբվենցիոն ծախսերն ավելացնում ենք: Այսօր բոլոր մարզերում ինչ շինարարություն, ինչ ներդրում տեսնում եք, ըստ էության, առնվազն 85 տոկոսը, եթե ոչ ավելին, արվում է կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Ընդ որում, վերջերս ես, իհարկե, կուսակցական միջավայրում դա ասացի, բայց ուզում եմ նաև այստեղ ասել. շատ կարևոր եմ համարում, որ մենք չենք նայում՝ տվյալ համայնքի ղեկավարն իշխանական կուսակցությունի՞ց է, թե՞ ընդդիմադիր: Բայց նայեք ո՞ւր ենք հասել, համայնքի ղեկավարը կարող է նաև ընդդիմադիր կուսակցությունի՞ց լինել:

Որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունը որևէ ոչ կառավարող կուսակցության ներկայացուցիչ ղեկավար ունեցող համայնքի նկատմամբ պակաս ուշադիր է: Այո, և՛ ընդդիմադիր, և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ներկայացնող համայքնի ղեկավարներով համայքներում ինչ շինարարություն, ինչ ներդրում տեսնում եք, այդ բոլոր ներդրումների առնվազն 85 -90 տոկոսը տեղի են ունենում կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, որովհետև մենք մի ծրագրի մեջ ենք, որտեղ համարում ենք, որ, այո՛, Հայաստանի Հանրապետությունը պետք է կառուցվի նորովի և Հայաստանի Հանրապետությունը կառուցվում է նորովի:

Այս ծրագրի իրականացման համար էական նշանակություն ունի խաղաղության օրակարգի սպասարկումը:

****

Այնուհետեև Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին, խաղաղության օրակարգի սպասարկմանը և այլ թեմաների: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Օգտվելով առիթից՝ անդրադառնամ ընդդիմության մեզ ուղղված այն քննադատությանը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առումով մեր արձանագրումները, մեր դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են: Այսպիսի գնահատական հնչեց: Եթե այս գնահատականը կարող էի հասկանել ընդամենը մեկ, մեկուկես ամիս առաջ, ապա այսօր չեմ կարող այն ընդունել և ընկալել: Ինչո՞ւ:

Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ «Վալդայ» քննակումների ակումբում արած հայտարարությունը շատ կարևոր էր և էական, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսեսուսային վիճակ է:

Ուզում եմ հիշեցնել, թե ինչի մասին էր գնում խոսակցությունը: Նրա մասին էր, թե Հայաստանի կառավարությունն ի՞նչ վերաբերմունք ունի Ռուսաստանի Դաշնության առաջարկների վերաբերյալ: Եվ այդ առաջարկի էությունը, ինչպես հետագայում բացահայտվեց, հետևյալն էր. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել: Այն ժամանակ, երբ այս հարցդրումն արվեց ռուսական առաջարկների վերաբերյալ, կառավարությունը, իհարկե, շատ արագ արձագանքեց, բայց և՛ ընդդիմության դաշտում, և՛ Լեռնային Ղարաբաղում եղան դրսևորումներ, հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ռուսական առաջարկները:

Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռևս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պազաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել – ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետև Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, և պիտի որ այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է և համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն:

Հաջորդ խնդիրը հետևյալն է՝ ուզում եմ, որ մենք գնահատենք նաև, թե ինչպիսին է այնուամենայնիվ անվտանգային իրավիճակը մեր տարածաշրջանում: Ես պիտի ասեմ, որ այո, հայտարարությունների մակարդակում մենք տեսնում ենք որոշակի լարվածություն, բայց նաև օգտվելով այն առիթից և գուցե հետահայաց մեղավոր զգալով այն բանում, որ մենք հանրության հետ ոչ ամբողջ տեղեկատվությունն ենք կիսել հայտնի հանգամանքների պատճառով և օգտվելով առիթից, որ հրապարակային քննարկելու դաշտը մեզ հայտնի իրադարձություններից հետո ընդլայնվել է, ես ուզում եմ մի քանի շեշտադրումներ անել:

Առաջինը՝ ինչպիսի՞ն է խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել մեր մեկնաբանությունները և առաջարկները, ըստ էության՝ խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը, և մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին: Այդ արձագանքների առումով պիտի ասեմ, որ, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ: Այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և կոնկրետ իրավիճակների հետ:

Գիտեք՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր: Ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքրոշմանը: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ. ՀԱՊԿ-ը պետք է հստակ պաշտպաներ, և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց մենք հիմա ուղիղ հակառակն ունենք: Ես հույս ունեմ, որ մենք նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրեք: Սա սկզբունքային որոշում և դիրքորոշում է Հայաստանի Հանրապետության համար:

Ուզում եմ շատ հստակ լինել. մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել: Ոչ: Մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը, ի՞նչն է ՀԱՊԿ-ի ընկալումը այս իրավիճակի և ի՞նչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում այս իրավիճակի հետ կապված, մեզ համար չափազանց կարևոր է:

Եվ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված:
Բայց վերադառնալով մեր դիրքորոշմանը, պիտի ասեմ, որ եթե շատ թարգմանաբար ներկայացնեմ, Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021թվականից առաջ էլ, մայիսից առաջ էլ կան տարածքներ, որոնք, այսպես ասած, օրինակ՝ Հայաստանը օկուպացրել է և եթե կա խնդիր և իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից:

Այս կապակցությամբ ես նախկինում հրապարակային չեմ խոսել, բայց ուզում եմ հիմա ձեզ ասել մեր դիրքորոշումը: Մենք ասում ենք շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն որտեղի՞ց ուր պետք է գնա, և եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն, որովհետև օրինակ, նույն տարածքում մենք գծենք սահմանը, այսինքն պարզ է չէ, եթե մենք վերցնում ենք Խորհրդային միության սահմանը, եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը, օրինակ հյուսիս-արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է նա նկատի ունի, որ այդտեղ ինչ-որ մի տարածքային բաժանում կա, սահման կա, գիծ կա:

Ասում ենք շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, ցույց տվեք մեզ քարտեզը, և դա կարող է լինել հետարքիր և մենք չենք մերժում դա, ինչո՞ւ, նաև որովհետև հենց այդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է: Կարող եմ բերել կոնկրետ օրինակ, օրինակ՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, օկուպացված է Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողեր: 1991թ.-ին է դա եղել, 92-94 թվականներին:
Կարծում եմ, որ մենք հիմա այս հարցերի մասին պետք է ավելի շատ հրապարակային խոսենք: Մենք ասում ենք շատ լավ, ցույց տվեք քարտեզը, ցույց տվեք սահմանի գիծը և ցույց տվեք այդ սահմանի ձեր ցույց տված գիծն ի՞նչ իրավական հիմնավորում ունի: Այդ դեպքում նաև մենք պատրաստ ենք, ինչպես ասել եմ իմ վերջին հարցազրույցներից մեկում, իրադրությունը զարգացնել մինչև ամբողջ սահմանի երկայնքով, որ ոչ ադրբեջանական, ոչ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն: Մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումներին և ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել ինձ վրա: Ես ուզում եմ և հայ հանրությունը, և միջազգային հանրությունը սա արձանագրի՝ պայմանով, որ մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր քարտեզի մասին այդքան էլ լավ պատկերացում չունեն, միանգամից չշտապեն որակումներ տալ, որովհետև խոսքը 29 հազար 800 կմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ոչ թե ընդհակառակը, զիջելու մասին է:

Հաջորդ խնդիրը դելիմիտացիայի հետ կապված. գիտեք, որ պրոցեսներ են տեղի ունենում: Իրականում ասածս սրա շարունակությունն է, մենք հույս ունեինք և կար ըմբռնում, և այսօր էլ այդպես ենք կարծում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ: Հիմա այդպիսի ազդակներ կան, որ գուցե դա այդքան էլ իրատեսական չէ, բայց մյուս կողմից այդտեղ էլ լուծում կա: Կրկին զորքերի հետ քաշման սխեմայով մենք առաջարկում ենք վերցնել ուղղակի 1990 թվականի փաստացի գոյություն ունեցած գիծը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, զորքերն ընդհանրապես սահմանային հատվածում չունենալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, այս թեման առնվազն սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որն իսկապես կարող է շատ երկար տարիներ տևել:

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիրքորոշումը հետևյալն է. կա երկու մոտեցում՝ դետալացված մոտեցում և, այսպես ասած, շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցում, երբ որ շրջանակն է գծում առանց շատ մեծ կոնկրետությունների: Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք շատ դետալացված հարցեր փորձենք լուծել, կարող ենք դժվարություններ ունենալ: Այս է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, պայմանագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է, և մենք նույնպես պիտի աշխատենք, պիտի փորձենք գնալ այս ճանապարհով:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերադառնալով մեր հասցեին հնչող քննադատությանը, մենք կրկին ասում ենք՝ նաև ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որառաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը: Ինչպես 2018 թվականին, հիմա էլ կարծում ենք, որ այդ խոսակցության շահագրգիռ թիվ մեկ կողմը պետք է լինի խոսակցության մասնակիցը, խոսքը Լեռնային Ղարաբաղի հայության, մեր հայրենակիցների մասին է: Մենք հույս ունենք և միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պիտի տեղի ունենա, կայանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին:

Եվ նաև այն, որ մենք համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել Լեռնային Ղարաբաղի հայության, հայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումից, չի նշանակում, որ համաձայն ենք այդ հարցն օրակարգից հանելուն, նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հարցը, և եթե մենք այս խնդիրը լուծում ենք, իհարկե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ շրջանակային պայմանագիր կնքել:

Ընդհանուր առմամբ սա էի ուզում ասել, գումարած տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանն անդրադառնալ: Կրկին ասում եմ, որ եթե Ադրբեջանի համար կոմունիկացիաների բացման հարցը ոչ թե էսկալացիա փնտրելու առիթ է, այլ իսկապես կոմունիկացիաներ ստեղծելու, վերակառուցելու, կառուցելու, այդ հարցը կարող ենք համարել լուծված: Կարծում եմ նաև, ընդհանուր առմամբ, մենք մեր ասելիքը զարգացրել ենք այնքան, որ կարող ենք գնալ կոնկրետ լուծումների, պարզապես պետք է, որ իսկապես աշխատենք այդ լուծումների ուղղությամբ և ոչ թե ուղղակի հանդիպումներով արձանագրենք, որ կրկին հանդիպեցինք:

Ընդ որում կա գաղափար, ես կարծում եմ, որ այդ գաղափարին պետք է անդրադառնալ, որ, տեսեք, բարձր կամ բարձրագույն մակարդակների հանդիպումներում մենք հաճախ չենք հասցում հարցերի բոլոր դետալների մեջ խորանալ և կարծում եմ, որ նաև պետք է դիտարկել այդ տարբերակը, որ փորձագիտական մակարդակում ավելի շատ աշխատանք արվի, հետո բարձր մակարդակով այդ աշխատանքի արդյունքները ֆիքսվեն, հետո բարձրագույն մակարդակում արդեն կայացվեն վերջնական որոշումներ: Կարծում եմ՝ բանակցային այդպիսի հարթակներ ձևավորելն առաջիկա ամենակարևոր գործերից մեկն է, որը մեզ հնարավորություն կտա իսկապես տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատել:

Շնորհակալություն»:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր