211652_close_icon
views-count54961 դիտում article-date 19:06 14-11-2022

Հերթական լարված իրավիճակը՝ Երևանում. Արաբկիրում էլիտար շենքեր կառուցողի հրահանգով Արաբկիրի ոստիկանները հեռացրեցին բնակիչներին, վերջիններս էլ ասում էին. «Էլ ո՞նց ընտրենք Տիգրան Ավինյանին ու իր թիմին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, հերթական լարված իրավիճակն է տեղծվել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 58/6 շենքի բակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլիտար թաղամասում բազմաբնակարանային շենքեր կառուցող ընկերության ներկայացուցիչները, իրենց ձեռքի տակ ունենալով Երևանի քաղաքապապետ Հրաչյա Սարգսյանի թույլտվության որոշումը, ծանր տեխնիկայով սկսել են քանդել բնակիչների համար կառուցված անվտանգության պատ համարվող բետոնե հատվածը։

Բնակիչները թույլ չեն տվել, որպեսզի քանդման աշխատանքներ իրականացվեն, այդ ժամանակ քանդողներին օգնության են եկել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր բնակիչներին հեռացրել են նշված վայրից, որից հետո քանդման աշխատանքները ծանր տեխնիկայով սկսվել է։

Բնակիչները հույս, հավատով սպասում էին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ով իրենց հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ հնարավորության սահմաններում որոշում կկայացվի, որպեսզի չքանդվի այդ անվտանգության պատը, սակայն ստացվում է՝ Ավինյանը անզոր գտնվեց։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երբ Տ. Ավինյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն այցելեցին մեզ, հավատ ներշնչեց նրանց խոսքը, բայց պարզվեց, որ Հրաչյա Սարգսյանը ավելի զորեղ է, քան մի ամբողջ թաղամասի բնակիչներս։ Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններ են լինելու, հիմա մենք ի՞նչ սրտով գնանք ու ընտրենք Տ. Ավինյանին ու իր թիմին, երբ մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին, խոստացան, որ կկանգնեն բնակչի կողքին, սակայն այսօր արդեն ոստիկանների հսկողությամբ ծանր տեխնիկա են գործի դրել։ Երանի մենք սխալվենք, բայց հավատացած ենք, որ այս ճանապարհը բացելուց հետո այստեղ ավտովթարների ու վրաերթերի պակաս չի լինի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի մի քանի բազմաբնակարանային շենքերի ու սեփական տների բնակիչներ հավաքվել էին Մամկոնյանց 58/6 շենքի մոտ ու պահանջել էին, որպեսզի Երևանի քաղաքապետարանը հստակ պատասխան տար, թե ինչու էր այդ հատվածում էլիտար շենքեր կառուցողին թույլատրել, որպեսզի բնակիչների համար այդ հատվածը դարձնի «սև թուղթ»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Այնպես չի, որ դժգոհում ենք, որ Երևանում շինարարությունը մեծ թափ է ստացել, գովելի է և խրախուսում ենք այդ ամենը, բայց եթե պետք է ինչ-որ էլիտար շենքեր կառուցեն ու վտանգեն բազմաթիվ բնակիչների կյանքը, դա անընդունելի է։ Այդ նոր կառուցվող շենքերը ունեն 2 ճանապարհներ, որտեղով անվտանգ մարդիկ կարողանում են երթևեկել։ Հիմա չգիտես՝ որ մի «ծալապակասի» ուղեղով է անցել, որ այդ հատվածում նման վիճակ ստեղծի։ Ո՞վ է տեսել, որ պետք է բնակիչների ու երեխաների հաշվին այս հատվածը սարքեն մահվան ճանապարհ։ Այս հատվածում միշտ երեխաներ են խաղում՝ ոչ թե 10, 20, 30, այլ 300-ից ավելի։ Ամռանը հեծանիվ են քշում, ինքնագլոր, ու եթե այդ հատվածը բացեն ու ստեղծեն ճանապարհ, վստահ ենք՝ ամեն օր երեխաներ են ընկնելու ավտոմեքանաների տակ, իսկ այդ ժամանակ մենք չգիտենք՝ ինչ ընթացք կստանան մեր գործողությունները։ Երբ այդ շենքերը կառուցում էին, կառուցողները հանդիպեցին բնակիչներիս հետ ու սարեր էին խոստանում որ այստեղ ոչ մի ավտոմեքենայի ճանապարհ չի բացվելու, այլ միայն իրենց կողմից ստեղծվելու է հետիոտների համար անցման վայր։ Բայց փաստորեն, մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին ու երևի հասկացան, որ ախորժակն ուտելիս է բացվում, ու հիմա իրենց սև գործն են ուզում անեն մի ամբողջ թաղամասի բնակիչներիս նկատմամբ։ Մենք գիտենք, որ նախկինում Երևանի քաղաքապետարանը թույլտվություն է տվել բայց մի քանի օր անց, չգիտես ինչու, չգիտես ինչ պայմաններով որոշում են տալիս, որ այդ ճանապարհը պետք է բացվի։ Այս ճանապարհի բացման թույլտվություն տվողին կարելի է մի հարց տալ՝ դուք էկել, տեսե՞լ եք, եթե էկել, տեսել եք, հետաքրքիր է, մարմնի ո՞ր մասով եք մտածել։ Ձեզ չի՞ հետաքրքրում երեխաների ու տարեցների անվտանգությունը։ Վերանայեք ձեր հակամարդկային որոշումը, հակառակ դեպքում ողջ թաղամասի բնակիչներով կդիմենք ամենակտրուկ միջոցների։ Այս պահին ձեռնպահ ենք մնում կտրուկ գործողություններ անելուց, քանի որ տեղեկացել ենք, որ Արաբկիր վարրական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը նույնպես դեմ է, որ այդ ճանապարհը բացվի։ Առաջիկայում  էլ մեր թաղամաս է ժամանելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով, եթե տեսնի այդ ամենը, վստահ ենք՝ որոշում կկայացվի՝ ի շահ բնակչի»։ 

Բողոքի ակցիային միացել էին նաև երեխաներ, ովքեր Երևանի քաղաքապետից պահանջել էին՝ ասելով. «Մեզ անվտանգություն է պետք, մի խախտեք մեր անվտանգությունը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր