211652_close_icon
views-count34317 դիտում article-date 18:10 05-11-2022

Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում․ 43-ամյա որդին կասկածվում է 73-ամյա մորը դաժան ծեծի ենթարկելու և նրան, ապօրինաբար՝ կյանքից զրկելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մարմնի բազմակի շրջանների սալջարդ, կապտուկներ, հեմատոմաներ, ձախից դեմքի, արմնկային շրջանի, ճաճանչոսկրային հոդի, դաստակի, զույգ ծնկների առաջնային մակերեսների  շրջանների ջնջխված վերքեր, կայացած ձախ ակնագնդի արյունահոսություն, ԳՈՒՏ, ուղեղային կոմա» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը և ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արդեն հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 73-ամյա Սոնիկ Ղ․-ն էր։ Հարազատների հետ զրույցում նրանք պարզել են, որ վերջինս վնասվածքները ստացել է ծեծի հետևանքով։ 

Երեկ՝ կեսգիշերին մոտ, ոստիկանները Սոնիկ Ղ․-ին, ապօրինաբար՝ կյանքից զրկելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով՝ ձերբակալել և ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 43-ամյա Վասակ Ղ․-ին, ում այնուհետև ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վասակ Ղ․-ն մահացած կնոջ որդին է և այս պահին գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր