Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նոյեմբերի 1-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովին, որպես ատենապետ, մասնակցում էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ագերսիայի հետևանքով զոհված հայորդիների հիշատակը և աղոթեցին նրանց հոգիների խաղաղության ու հանգստության համար։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքի և սփյուռքյան թեմերից ժամանած հոգևորականների մասնակցությունը ժողովին, իր օրհնությունը և բարեմաղթանքները բերեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական ու աշխարհական անդամներին և հրավիրեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին վարելու ժողովի նիստերը։
Ժողովին քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան շրջանում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մայր Տաճարի հիմնանորոգման, օծման և մյուռոնօրհնության միջացառումների կազմակերպման ընթացքը։ Օրակարգում ընդգրկված են նաև ազգային, եկեղեցա-վարչական, կազմակերպչական, սոցիալական, եկեղեցիների և սրբավայրերի բարեկարգմանն ու վերանորոգմանը, Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանն առնչված հարցեր: