211652_close_icon
views-count58879 դիտում article-date 12:39 28-10-2022

Երևանում տարօրինակ պահվածք դրսևորած երիտասարդները չկարողացան ճողոպրել պարեկներից․ հետապնդումը երկարեց 1 կմ, նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց փամփուշտներով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկի մոտ էլ գաղտնի փականով դանակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին 1 տարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում կանխվել են բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ սպանության փորձեր, բնակարանային և անձնական գույքի գողություններ, ավտոմեքենաների առևանգումներ, ծեծկռտուքներ, որոնք հնարավոր է՝ ավարտվեին ողբերգությամբ, ինչպես նաև պարեկների գործողությունների արդյունքում հայտնաբերվել են քաղաքացիների մոտ պահվող ապօինի զենք-զինամթերքներ, թմրամիջոցներ, ինչպես նաև հայտնաբերվել են մեծ թվով՝ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզվողներ, այդ թվում՝ ծանր, առանձնապես ծանր, և ծառայությունից չարակամ խուսափողներ։

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում, Ջրվեժի հատվածում ժամը 04։00-ի սահմաններում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են 2 երիտասարդ տղաների։ Նույն վաշտի պարեկներ Սուրեն Բադրյանի և Մարտուն Ենոքյանի մոտ կասկած է առաջացել, ապա փորձել են մոտենալ նրանց, սակայն վերջիններս դիմել են փախուստի։

Պարեկները հետապնդել են նրանց և մոտ 1 կմ, ասես՝ վազքի մարաթոնի դուրս եկած լինեին։ Ի վերջո՝ հաղթող են դուրս եկել պարեկները։ Եվ այդ երկու՝ Սասնա էպոսի «բոզ նապաստակի» նման փախուստի դիմած  երիտասարդներին վնասազերծել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանցից մեկի մոտ պարեկները հայտնաբերում են պայուսակ, ժողովրդին ավելի շատ հայտնի՝ բարսեդկա, որի մեջ հայտնաբերվում է մարտական ատրճանակ լիցքավորված մի քանի փամփուշտով, իսկ մյուսի մոտ հայտնաբերվում է գաղտնի փականով դանակ։

Պարեկները նշված անձանց, ինչպես նաև հայտնաբերված ատրճանակն ու գաղտնի փականով դանակը տեղափոխում են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարեկների կողմից վնասազերծված քաղաքացիները Երևանի բնակիչներ 21-ամյա Ալեն Հ․-ն է և 24-ամյա Վարդան Կ․-ն։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր