211652_close_icon
views-count1283 դիտում article-date 10:05 27-10-2022

Չկա խաղաղության պայմանագիր․ մարդկանց պահում են պատերազմական հոտը քթներին, որպեսզի մարդիկ էլ ասեն` ինչ թուղթ կա ստորագրեք, միայն «պրծնենք»․ Գեղամ Մանուկյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից ցուցադրաբար պատռեց մամուլում տարածված անգլերեն այն տեքստը, որը լրատվամիջոցները ներկայացնում են` որպես խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ: Նա ընդգծեց, որ Վաշինգտոնում մշակված եւ Պրահայում Փաշինյանի ու Ալիեւի կողմից հավանություն ստացած ու մի քանի կետանոց այդ փաստաթղթի մասին իշխանությունները որեւէ բան չեն խոսել, չեն հերքել, մինչդեռ այն արձանագրում է, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից` ինքնորոշման իրավունքի 30-ամյա պայքարից: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ընդդիմադիր ՀՅԴ-ական պատգամավորի հետ:

—Պարոն Մանուկյան, ընդամենն օրերի հարց է մնացել` ի վերջո, եթե մերժում եք իշխանության, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ճանապարհը, հետեւապես ի՞նչ եք առաջարկում:

— Նախ դժվար է ասել, թե օրերի հարց է, որովհետեւ ամեն ինչ անհստակ է: Այնքան է իշխանությունը խճճվել արտաքին հարաբերությունների եւ մայրաքաղաքների մեջ, որ ինքն էլ չգիտի` ինչ անի: Բայց ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը հանրային, ներքին քարոզչության մեջ, անգամ Արցախի իշխանությունների հետ հարաբերություններում փորձում է ստեղծել մի տպավորություն, թե ամեն ինչ փլուզված է, եւ ով էլ գա Նիկոլի տեղը, չի կարող իրավիճակ փոխել, ամեն ինչ վերջացած է: Մինչդեռ դրանով նրանք ընդամենը մեկ նպատակ են հետապնդում` երկարաձգել սեփական իշխանությունը: Ես կարող եմ գործողությունների շարք ներկայացնել, թե ինչ պետք է անել: Նախ իշխանության փոփոխությունը նոր մի իրավիճակ եւ մթնոլորտ կարող է ստեղծել: Սա հնարավորություն կտա ի չիք դարձնել բոլոր բանավոր խոստումներն ու պայմանավորվածությունները, որոնք ունեցել է Փաշինյանը այս երկու տարվա ընթացքում: Հենց այդ բանավոր պայմանավորվածությունների հետեւանքով էր, որ Զանգեզուրում մեր զորքերը 20 կմ հետ քաշվեցին, ասում էր, թե անխոս հասկացողություն կա, որ պետք է դուրս ելնեն: Այս տարվա գարնանն ու ամռանը, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում էին խոստումները կատարել, նա վախ ուներ, որ չհասցնի, որովհետեւ «Դիմադրության» շարժումը հրապարակում էր: Այնպես որ, իշխանության փոփոխությունը եւ Հայաստանի կողմից տարբեր մայրաքաղաքների հետ նոր վստահելի երկխոսողը կարող է իրավիճակ փոխել: Ընդ որում` խոսքը ոչ թե արհեստական ժամանակ շահելու մասին է, այլ ռեսթարթ անելու եւ ամենակարեւորը` հայացք ուղղելու երկրի զինված ուժեր, անվտանգություն, հասարական համերաշխություն, միասնականություն: Սա է հարցերի լուծման ճանապարհը: Մինչդեռ այսօր Հայաստանը գտնվում է մի վիճակում, որ բոլոր մայրաքաղաքները ինչ-որ ճնշումներ են գործադրում: Այս իրավիճակում սեփական երկրի ապագայի մասին մտածող մարդը պետք է գործի դներ բոլոր ռեսուրսները` Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ինչպես եղել է տարիներ շարունակ, այդ թվում` այն հարստությունը, որը հայ ժողովուրդն ունեցել է` հանձինս Սփյուռքի: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, բաժանումներ է դրել է հայրենիքի ու սփյուռքի միջեւ, ինչ-որ ցնդաբանական տերմիններ օգտագործելով գագաթնաժողով է անում, որտեղ ընտրողաբար են վերաբերվում այն կառույցներին, որոնք առավոտից գիշեր տարիներ շարունակ ի շահ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների են աշխատել: Այդ բոլոր կառույցներին վանում են Հայաստանի Հանրապետությունից:

— Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտարարություն էր տարածել, թե անհատական եւ անվանական կերպով հրավեր են ուղարկել բոլոր երկրներում գործող ՀՅԴ մարմիններին, բոլոր քույր կազմակերպություններին, նրան օժանդակող կամ փոխկապակցված կառույցների անդամներին, բայց ՀՅԴ բյուրոն շրջաբերական է տարածել, որով հրահանգ է տրվել բոլոր դաշնակցական կառույցներին չմասնակցել այդ գագաթ- նաժողովին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սինանյան Զարեհը ստում է, բառախաղ է անում, որովհետեւ ով-ով, գոնե նա գիտի, որ Դաշնակցությանը հրավիրում են` ՀՅԴ բյուրոյին հրավեր ուղարկելով, ոչ թե ՀՅԴ-ական Պողոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին անհատապես: Այսօրվա իշխանության 4 տարվա քաղաքականությունը սա է` Սփյուռքի կայացած կառույցները շրջանցել եւ անհատների հետ գործ բռնել: Եվ ստացան ապտակը` եղավ երկու կաթողիկոսների, բազմաթիվ կազմակերպությունների հայտարարությունը, որոնք անընդունելի համարեցին իրենց մասնակցությունն այդ գագաթնաժողովին: Բայց մեր կառույցները, Հայ դատի գրասենյակները` Հայրենիքից` Արցախից ու Հայաստանից նեղացող չեն եւ այսօր էլ պատրաստում են եվրոպացի լրագրողների եւ պատգամավորների այցը Հայաստան: Դրա համար եմ ասում, որ ներքին կյանքում շատ արագ հնարավոր է փոփոխություն, զինված ուժերում շատ արագ հնարավոր է հոգեբանական փոփոխություն: Անգամ ղեկավարի եւ հռետորաբանության փոփոխությունն ամ- բողջ բարոյահոգեբանական մթնոլորտը կփոխի զինված ուժերում:

—Կարծում եք` այդքան ժամանակ ունե՞նք, երբ զուտ տեխնիկական հարց է դարձել իշխանության համար` ամսվա վերջ Սոչիում, թե Բրյուսելում են Փաշինյանն ու Ալիեւը հանդիպելու եւ պայմանագիր ստորագրեն:

— Եթե այսօր ասենք` դրա ժամանակը չունենք, մենք մի ամիս հետո էլ ասելու ենք` կորցրած մի ամիսն ափսոս էր: Երկու տարի այդպես կորցրել ենք, դրա համար ամեն օրն է թանկ: Տվյալ դեպքում` դժվար է կանխատեսել իրականում հոկտեմբերի 31-ին Սոչիում ինչ է լինելու կամ նույն օրը Բրյուսելում, որտեղ, կարծես թե, առաջարկում են սահմանագծման-սահմանազատման աշխատանքների հանձնաժողովի նիստ անցկացնել: Պետք է այս խճճվածությունից դուրս գալ եւ շատ արագ մթնոլորտ փոխել:

— Մերժելով վաշինգտոնյան խաղաղության պայմանագրի տարբերակը` կո՞ղմ եք մոսկովյան տարբերակին, թե՞ ընդհանրապես դեմ եք որեւէ տարբերակին:

— Խնդիրն այն է, որ չկա խաղաղության պայմանագիր: Շեշտում եմ` այս իշխանությունը չունի խաղաղության պայմանագրի նախագիծ: Այս իշխանությունը ցանկացած թուղթ ստորագրելով, Արցախից հրաժարվելով, ախորժակները բացելով` պատերազմը շատ ավելի մոտեցնելու է Երեւանին: Պատահական չէր, որ ԱԺ ամբիոնից ասացի, որ իմ Քանաքեռին է մոտենալու: Վստահաբար մետրոյով երթեւեկում եք եւ լսել եք, որ պարբերաբար հայտարարում են, թե մետրոյի վագոնում, եթե անծանոթ պայուսակ գտնեք, դիմեք մեքենավարին: Այսինքն` մարդկանց միշտ պահում են պատերազմական հոտը քթներին` ներհայաստանյան կյանքում սեփական ժողովրդին տեռորի ենթարկելով, թե թշնամին գալու է, ու դուք չենք կարողանալու պաշտպանվել, որպեսզի մարդիկ էլ ասեն` լավ, ինչ թուղթ կա ստորագրեք, միայն «պրծնենք»:

—Այն, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է, ՔՊ-ական պատգամավորները հայտարարում են, թե տեղին էր, որովհետեւ չպետք է այլ երկրի պաշտոնյան խառնվի ՀՀ ներքին գործերին: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նման որոշմանը:

— Այլ գործչի դեպքում ուրիշ է, բայց Կոնստանտին Զատուլինն այն եզակի նվիրյալներից է մնացել, որ մինչեւ հիմա պինդ կանգնած է Հայաստանի եւ Արցախի կողքին: Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ են շատերը տարիներ շարունակ քննադատել, մյուս ղեկավարներին էլ, բայց միայն այս իշխանությունն է անձնական մոտեցումով առաջնորդվում, եւ նրանց քինախնդրությունը սահման չի ճանաչում: Կոնստանտին Զատուլինի մուտքը մերժել էին Հայաստան, ԱԺ-ից էլ նամակ էին ուղարկել, բայց այնքան քինախնդիր են, որ առաջինը շտապել էին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում լուրը հրապարակել: Այսքանից հետո` զարմանում եմ, որ դեռ մեր հայրենակիցների մեջ կան մարդիկ, որ ասում են` լավ, Նիկոլն ի՞նչ անի: Այդպես են պատերազմը պարտվել, որովհետեւ գործը թողած` Ֆեյսբուքում ստատուս ու բանաստեղծություն էին գրում, ստեր տարածում, պարտությունը էլ ինչպե՞ս է լինում, հենց այսպես` մարդկանց թեւաթափ անելով:

— Ըստ Ձեզ` Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը ի՞նչ հետեւանքներ կունենա` առանց այն էլ ճգնաժամի մեջ գտնվող հայ-ռուսական հարաբերությունների վրա:

— Մենք ունցել ենք մի հայազգի վարորդ, որը ծանր վթարի էր ենթարկել ուղեւորատար ավտոբուսի: Նրան շատ անհարգալից էին վերաբերվել եւ խալաթով բերել էին դատարան: Ամբողջ Հայաստանը ոտքի էր կանգնել, իսկ այս դեպքում` ՌԴ Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահի մասին է խոսքը, ինչ-որ «гастарбайтер» չէ, պատերազմից փախած ՌԴ քաղաքացի չէ: Մի պահ պատկերացրեք` ի՞նչ կանեինք մենք, եթե Հայաստանի խորհրդարանի փոխնախագահներից մեկին չթողնեին մտնել Ռուսաստան կամ Վրաստան:

—Ի դեպ, տեւական դադարից հետո` խորհրդարանական ընդդիմությունը երեկ կրկին Ազգային ժողովում էր: Սա նշանակո՞ւմ է վերադարձ խորհրդարան:

— Միշտ ասել ենք` երբ ուզենանք, մեր օրակարգով կվերադառնանք: Ուզում եմ հիշեցնել, որ երկու շաբաթ առաջ հանրահավաք էր, եւ հաջորդ օրը խմբակցությունով որոշեցինք, եւ ես մտա դահլիճ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցա` ներկայացնելով հանրահավաքում հավաքված մարդկանց կարծիքները, կոչերը քաղաքական մեծամասնությանը, որ հիմա Նիկոլին փրկելու ժամանակը չէ, այլ Հայրենիքը փրկելու ժամանակն է: Երեկ էլ ԱԺ հայտարարությունների ժամին եկել էինք, որովհետեւ կրիտիկական հարցեր կան, որոնք պետք է հնչեցվեին:

— Իսկ փողոցում պայքարի օրակարգ այլեւս չունե՞ք:

— Բոլոր օրակարգերը մեր զինանոցում կա, բայց այն պետք է լինի իմաստալից: Առաջիկայում լինելու է հանրահավաք, այլ մանրամասներ չեմ ասում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր