211652_close_icon
views-count6430 դիտում article-date 18:03 05-10-2022

Այսօր ստացա 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից Տարոն Մանուկյանին ԵՊՀ–ից հեռացման հրամանը, որը հրաժարվել եմ ստորագրել․ Արևելագիտության ֆակուլտետի դեկան

Ուսուցչի օրը ստիպված եմ գրառում անել ուսանողի մասին, քանի որ այսօր ստացա Արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, սակայն ներկայումս քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը: 

Այս մասին գրառում է արել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը․

«Այդ թեմայով ցանկանում եմ որոշ արձանագրումներ և պարզաբանումներ անել. Տարոն Մանուկյանը մասնակցել է դասընթացներին, սակայն չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել: Այդ խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը եղել է հստակ և ես արել եմ համապատասխան քայլեր: Նախ՝ կալանավայրում գտնվող Տարոնին ուղարկել եմ անհրաժեշտ գրականությունը, իսկ այնուհետև տեսնելով, որ խափանման միջոցը չի փոխվում և մոտենում է քննությունների լուծարքային շրջանը՝ զեկուցագրով դիմել եմ ռեկտորատ և հայտնել, որ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները և ես անձամբ պատրաստ ենք Տարոնի քննությունները ընդունել կալանավայրում՝ տեսակցությունների համար նախատեսվող տարածքում: Ինձ մոտ տպավորություն է, որ սկսվեց բյուրոկրատական գործընթաց, իսկ հետո բյուրոկրատական քաշքշուկ արդեն ԵՊՀ-ից դուրս՝ համապատասխան նախարարություններում: Իմ առաջարկը՝ քննությունները անցկացնել կալանավայրում, ըստ էության, մերժվեց՝ տարբեր պատճառաբանություններով: Դեպքերի նման դասավորվածության հետևանքով պարզ էր, որ Տարոն Մանուկյանը կհեռացվի համալսարանից: Հավաստիացնում եմ, որ Տարոնի գիտելիքները նրան թույլ են տալիս ոչ թե հավակնել բավարար, այլ ավելի բարձր գնահատականների և այստեղ հիմնական խնդիրն էր հնարավորություն ստեղծել, որպեսզի նա կարողանա հանձնել 3-րդ կուրսի քննությունները և փոխադրվի 4-րդ կուրս, իսկ դատաքննության ընթացքից արդեն պարզ կդառնային հետագա գործողությունները և նրա՝ որպես ուսանողի, կարգավիճակի պահպանումը:
Ինչևիցե, Տարոնը կկորցնի մեկ ուսումնական տարի և հետո կշարունակի ուսումը, սակայն ոմանք կորցրեցին իրենց դեմքը վերջնականապես և խղճի այն փշրանքները, որոնք երևի դեռ մնացել էին:

Հ.Գ. Ի դեպ, որպես դեկան ես հրաժարվել եմ ստորագրել Տարոն Մանուկյանի ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ այդպիսով ևս մեկ անգամ հայտնելով իմ անհամաձայնությունը»:

Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է, կանալավորված է «Գյումրու տարեցների» գործով։

Նմանատիպ նյութեր