211652_close_icon
views-count1616 դիտում article-date 16:25 05-10-2022

Փաստ է, որ Ադրբեջանն է ռմբակոծել Հայաստանի տարածքը․ Ժոզեպ Բորել

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հոկտեմբերի 4-ին Ստրասբուրգում հստակորեն արձանագրել է սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակման ու Հայաստանի տարածքը ռմբակոծելու ու օկուպացնելու փաստը։ 

«Ադրբեջանն ակնհայտորեն ռմբակոծել է Հայաստանի տարածքը, նրանք օգտագործել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր։ Մենք չենք խոսում ռազմական գործողությունների մասին, որոնք տեղի են ունեցել վիճարկելի տարածքում, մենք խոսում ենք գործողությունների մասին, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Երկու երկրները մեղադրում են մեկը մյուսին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանն է ռմբակոծել Հայաստանի տարածքը»,- նշել է Բորելը՝ փաստելով, որ ադրբեջանական զինուժը նաև օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ։

Հանձնակատարը վստահեցրել է, որ Եվրամիության կողմից քրտնաջան աշխատանք է տարվում՝ թուլացնելու լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ նպատակով հանդիպումներ են կազմակերպվել երկու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ, կոչ է արվել վերսկսել ուղիղ շփումները։ «Էլ ի՞նչ կարող ենք անել։ Մենք չենք կարող անել ավելին, քան անում ենք։ Մենք ունենք միայն որոշակի կարողություններ, ուրախ կլինեմ, եթե կիսվեք գաղափարներով, թե էլ ինչ կարող ենք անել»,- դիմելով պատգամավորներին՝ ասել է Բորելը։

Եվրահանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ իրենց կողմից առաջարկ է հնչել ԵՄ միջնորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ «Հայաստանը համաձայնել է այդ առաջարկին, Ադրբեջանը՝ ոչ։ Ավելին ի՞նչ կարող ենք անել։ Մենք չենք կարող ԵՄ զորքեր ուղարկել՝ առանց երկու կողմերի համաձայնության»,- հայտարարել է Բորելը։

Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին Թուրքիայի ակտիվ ներգրվաման փաստին՝ նշելով․ «Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին»։

Բորելը ողջունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքներ սկսելու Թուրքիայի պատրաստակամությունը՝ հավելելով․  «Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացվեն սահմանները, քանի որ դա կօգնի թուլացնել լարվածությունը»։

ԵՄ հանձնակատարը կոչ է արել նաև հետաքննել տեսանյութը, որտեղ հայ ռազմագերիները դաժանորեն սպանվում են ադրբեջանցի զինվորների կողմից։

Անդրադառնալով ավելի վաղ Ադրբեջանի հետ կնքված գազի մատակարարման համաձայնագրին՝ Բորելը հավաստիացրել է, որ «էներգետիկ համաձայնագիրը չի աշխատելու ի վնաս մարդու իրավունքների»։

Նմանատիպ նյութեր