211652_close_icon
views-count60489 դիտում article-date 09:30 24-09-2022

Խոշոր հրդեհ և փլուզում՝ Երևանում գործող «Պլաստիկ» ընկերությունում. կրակն ու ծուխը տեսանելի էր Երևանի տարբեր հատվածներից, ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, տեղում է Շենգավիթի թաղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց 59 հասցեում գործող «Պլաստիկ» բաժնետիրական ընկերության շինություններից մեկում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ և ջրատար։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են «Պլաստիկ» բաժնետիրական ընկերության աշխատակիցները, այնուհետև ժամանած հրշեջ փրկարարները մեծ դժվարությամբ կանխել են կրակի տարածումը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Պարեկները մեծ թվով քաղաքացիների տարհանել են նշված վայրից, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում մոտ 10 քաղաքացու առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, քանի որ վերջիններիս ինքնազգացողությունը ծխի պատճառով վատացել էր։

Դեպքի վայր է ժամանել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ում հանձնարարականով նաև հրդեհի վայր բերվեցին մի քանի ջրատարներ։ Մի քանի ջրատարներ բերվեցին նաև Երևանի քաղաքապետարանի կողմից։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տեղում են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի խումբը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով տեղի է ունեցել նաև բետոնե ծածկերի փլուզում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 381+
381+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր