211652_close_icon
views-count118494 դիտում article-date 10:45 21-09-2022

Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում. ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են մինչև ատամները զինված, Գավառում հայտնի «բախտագուշակ Վարսիկի» որդուն, հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց, դեպքի վայրում էլ՝ մեծ թվով կրակված պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառ վարչական շրջանի Գանձակ բնակավայրում բնակիչը ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկությունները ստանալով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ) մեկնում են նշված բնակավայր, որտեղ Հ. Աբրահամյան փողոցում նկատում են ենթադրյալ կրակոցներ արձակող քաղաքացուն և փորձում են  նրան վնասազերծել, սակայն վերջինս իր ձեռքին եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակում դեպի օդ, ապա դիմում փախուստի։

Ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդում են այդ քաղաքացուն, ով փախնում և մտնում է Հակոբ Պարոնյան փողոցի N 6 հասցեում գտնվող առանձնատան բակը։ 

Արդեն տեղում մարզի ոստիկանապետի և Գավառի ոստիկանապետի գլխավորությամբ սկսվում է այդ քաղաքացու հետ բացատրական աշխատանքներ տարվել, սակայն այդ տղամարդը դարձյալ հրաժարվում է կատարել ոստիկանների օրինական պահանջները, այն է՝ ցած դնել զենքը և ինքնակամ հանձնվել։ 

Տևական ժամանակ արդյունք չտալով՝ այդ քաղաքացին առանձնատան պարսպի վրայով դիմում է փախուստի, սակայն այս անգամ ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում հնարավոր է լինում նրան վնասազերծել, ապա տեղափոխել ոստիկանության Գավառի բաժին։

Ահազանգով դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Գավառի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Գավառի քննչական բաժնի պետի տեղակալ Ակսել Մանուկյանի ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Տեղում դեպքի վայրի զննությամբ Գանձակ բնակավայրի Հ. Աբրահամյան և Հ. Պարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող մթերային խանութի դիմացի հատվածից հայտնաբերվել է թվով 3 հատ, Հ. Պարոնյան փողոցի սկզբնամասից՝ 4 հատ, իսկ Հ. Պարոնյան 6 հասցեում գտնվող առանձնատան բակից՝ 1 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված պարկուճներ։ Իսկ առանձնատան բակում հայտնաբերվել է 1 հատ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակով, 1 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ 1 պահունակով, 670-ից ավելի «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ, 100 հատ «ՏՈԶ» տեսակի որսորդական հրացանի փամփուշտներ, 220-ից ավելի ինքնաձիգի տարբեր տեսակի փամփուշտներ, 100 հատ «Պարաբելում» տեսակի ատրճանակի փամփուշտներ, 8 հատ «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ և  պարկուճներ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Գեղարքունիքում հայտնի «Գավառի բախտագուշակ Վարսիկի» տղա՝ 41-ամյա Սարգիս Հակոբյանն է։ Վերջինս փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հայտնել է, որ այդ ամբողջ զեն-քզինամթերքը ինքը ձեռք է բերել արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր