211652_close_icon
views-count1601 դիտում article-date 17:30 13-09-2022

Այսօրվա իրավիճակը կանխատեսելի էր, իհարկե կարող էինք խուսափել սրանից, ասելիք շատ կա, բայց այսօր այդ ամենի օրն ու ժամը չէ. Արթուր Վանեցյան

Այսօր մենք բոլորս հերթական անգամ հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Բոլորիս մտքերը սահմանին կանգնած մեր տղաների հետ են, ովքեր անձնվիրաբար իրականացնում են հայրենիքի պաշտպանության իրենց սուրբ առաքելությունը: Խոնարհումս՝ մեր ընկած զինվորների հիշատակին, համբերություն նրանց ընտանիքներին ու հարազատներին, ապաքինում բոլոր վիրավորներին:

Այսօրվա իրավիճակը, ցավոք, կանխատեսելի էր: Կարո՞ղ էինք խուսափել սրանից՝ իհա՛րկե: Եվ բազմիցս ու շատ հստակ նշել ենք շարունակվող ողբերգությունը կանգնեցնելու միակ ուղին: Սրա հետ կապված ասելիք շատ կա, բայց այսօր այդ ամենի օրն ու ժամը չէ:

2020թ. 44-օրյա պատերազմի սանձազերծման և պատերազմական հանցագործությունների համար համարժեք արձագանքի չարժանացած Ադրբեջանը հերթական ագրեսիային է դիմել՝ հարձակվելով ՀՀ սուվերեն տարածքի վրա: Կեսգիշերից հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու հարձակման և հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված լարված իրավիճակի պատճառները մի քանիսն են: Եվ, իհարկե, այդ ամենում զգալի դեր ունի միջազգային հանրության հասցեական գնահատականի բացակայությունը: Բաքվի հերթական ագրեսիան, որն այս անգամ ՄԱԿ-ի անդամ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ է իրականացվում, պիտի ստանա համապատասխան միջազգային արձագանք՝

• Ռուսաստանի Դաշնության կողմից, որը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է՝ 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով առկա երկկողմ պարտավորություններով ու համապատասխան գործիքակազմով: ՌԴ-ն նաև 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության միջնորդն ու երաշխավորն է, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող երկիր,

• ՀԱՊԿ-ի կողմից, որի լիարժեք անդամ է Հայաստանի Հանրապետությունը և որն ունի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում հստակ պարտավորություններ՝ հաշվի առնելով, այդ թվում, ՀՀ պաշտոնական դիմումը,

• ԵԱՀԿ-ի կողմից՝ որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով մասնագիտակցված կառույցի, որի ներքո է ձևավորվել նաև արցախյան կարգավորման գործընթացում 1992թ. միջնորդական հիմնական ձևաչափ հանդիսացող մարմինը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը,

• ՄԱԿ-ի կողմից՝ որպես միջազգային իրավակարգի պահպանման պատասխանատու կառույցի:
Կարևոր է գիտակցել, որ այսօր ստեղծված իրավիճակում վերոնշյալ պետությունների ու կառույցների, նաև՝ միջազգային հանրության մյուս անդամների արձագանքի բացակայությունը, հապաղումը, հասցեական կամ հստակ չլինելը, անկախ դրանց պատճառներից, մեծացնելու է ամենաթողության մթնոլորտը Բաքվում՝ հնարավորություն տալով նոր սադրանքների ու ապօրինությունների:

Հետևաբար, այսօրվա լռության պարագայում վաղվա Ադրբեջանի կեցվածքի ու քայլերի պատասխանատուն են դառնալու նաև վերոնշյալ դերակատարները»,- գրել է Վանեցյանը:

Նմանատիպ նյութեր