211652_close_icon
views-count629 դիտում article-date 10:39 13-09-2022

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի հունիսին անցկացված հարցման մասնակիցների 53 տոկոսը խիստ դրական ու դրական կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ընդ որում, 2021 թվականին այդ վարկանիշն ավելի ցածր էր՝ 45 տոկոս: Ստացվում է` մեկ տարվա ընթացքում մեր կառավարությունը` Փաշինյանի ղեկավարությամբ, այնպիսի մի հրաշալի արդյունքների է հասել, որ վարչապետի ռեյթինգը բարձրացել է 8 տոկոսով: Մեր քաղաքացիները բարձր են գնահատում նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայություններն ազգի առջեւ՝ 34 տոկոս: Նրանց զիջում են նախկին նախագահներ Քոչարյանը եւ Տեր-Պետրոսյանը՝ որոնք հավաքել են 23-ական տոկոս:

Սպասելի է, որ կլինեն մարդիկ, որոնք այդ թվերի հետ չեն համաձայնի, կասեն, որ դրանք սուտ են, սարքած են եւ այլն: Ինձ մոտ էլ կան որոշ կասկածներ, որ իշխանավորների վարկանիշը ուռճացված է: Բայց կարեւորը ոչ թե բացարձակ թվերն են, այլ դրանց հարաբերակցությունը: Եվ դա հաստատում են նաեւ այլ հարցումները: Վերցրեք թեկուզ օգոստոսի սկզբին Gallup international կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցումը, ըստ որի, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի օրը, ապա ՔՊ-ն կստանար 16,1 տոկոս, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Հայաստան» դաշինքը՝ 5,1 տոկոս:

Իհարկե, իշխանությունը չունի քաղաքացիների ձայների բացարձակ մեծամասնությունը, բայց ունի հարաբերական մեծամասնություն. հայաստանցիների ակտիվ՝ հարցումներին որոշակի պատասխաններ տվող, ընտրություններին գնացող մասը գերապատվությունը տալիս է գործող իշխանությանը: Նրանք, մասնավորապես, դրական են վերաբերվում պատերազմում պարտություն կրած պետության ղեկավարին: Դա կարող է վկայել միայն մի բանի մասին՝ մեր այդ քաղաքացիների մեծամասնությունը որոշիչ նշանակություն չի տալիս այդ պարտությանը:

Այդ պարագայում որո՞նք կարող են լինել խորհրդարանական ընդդիմության անելիքները՝ առանձնացնում եմ խորհրդարանականը, որովհետեւ մնացածներն այդ վարկանիշում ընդհանրապես չեն երեւում: Գնանք բացառման սկզբունքով: Այս տարվա փողոցային ակտիվությունը որեւէ արդյունք չտվեց՝ հանրահավաքների կամ երթերի մի քանի հազար մասնակիցներով իշխանափոխության հարցը չես լուծի: Միայն հարցազրույցներով եւ ֆեյսբուքյան գրառումներով նույնպես արդյունքի չես հասնի: Հետեւաբար՝ որքան էլ դա ցավալի լինի ինքնասիրության համար, ելքը խորհրդարան վերադառնալն է եւ առանց «թշնամի» եւ «դավաճան» պիտակների անվտանգության օրակարգն առաջ տանելը:

Այո, ակտիվ քաղաքացիների մեծամասնությունը, ինչպես տեսանք, այդ օրակարգի հանդեպ անտարբեր է: Նրանց հավանած իշխանությունը՝ նույնպես: Բայց մի՞թե ճիշտ դիրքորոշում է՝ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը թողնել ՔՊ-ի վրա: Գուցե հիմա պետք է անել այն, ինչ հնարավո՞ր է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր