211652_close_icon
views-count512 դիտում article-date 17:50 05-09-2022

Դատարան է ուղարկվել գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ երկրորդ քրեական գործը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նախկին քննիչ Վ.Գ.-ն նշված պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ: Ի թիվս այլնի՝ նա պարտականություն է ունեցել նաև ներկայացնել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր:

Մինչդեռ 2020թ. հուլիսի 29-ին ազատվելով պաշտոնից՝ Վ. Գ.-ն սահմանված ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2020թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը:

Վերջինս հայտարարագիրը չի ներկայացրել նաև հետագայում Հանձնաժողովի կողմից համապատասխան ծանուցում ստանալուց հետո, ինչի արդյունքում 2021թ. սեպտեմբերի 02-ին Հանձնաժողովը որոշել է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար Վ. Գ.-ի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Մինչդեռ վերջինս պատշաճ ծանուցված լինելով վարչական տույժի կիրառման մասին՝ դրանից հետո էլ սահմանված 30 օրվա ընթացքում դիտավորությամբ չի ներկայացրել 2020թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր:

Ելնելով քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցներից՝ վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Վ. Գ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասին):

Դրա հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ հոդվածով նրան առաջադրվել է մեղադրանք: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու: Գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու արարքի քրեականացումից ի վեր սա նման հանցակազմով դատարան ուղարկված երկրորդ քրեական գործն է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր