211652_close_icon
views-count1021 դիտում article-date 16:06 24-08-2022

«Սիմֆոնիկ Երևան» փառատոնի համերգները ջերմորեն ընդունվում են ունկնդրի կողմից

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի 11-րդ համերգը նվիրված էր Ալեքսանդր Սպենդիարյանի և Ալեքսեյ Շորի արվեստին։

Ներկայացվեցին Սպենդիարյանի «Օրորոցայինը», Էտյուդը հրեական թեմաներով և Շորի «Մանկության հիշողություններ» դաշնամուրային կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ իտալացի դաշնակահար Վանեսսա Բենելլի Մոսելլը։ Համերգը ղեկավարում էր Գերգելի Մադարաշը։

Իտալացի դաշնակահարուհի Վանեսսա Բենելլի Մոսելլը միջազգային երաժշտական ասպարեզի ամենափայլուն մենակատարներից է: Թողարկել է ութ ալբոմ «DECCA CLASSICS» ձայնապիտակի համար: Հայտնի է Ստոկհաուզենի «Կլավիեռստուկի» իր մեկնաբանությամբ, կոմպոզիտորի կողմից նա հրավիրվել է սովորելու իր մոտ և բնորոշվել հետևյալ խոսքերով. «Նա կարողանում է մարդկանց թույլ տալ գնահատել իմ երաժշտությունը»:
Տպավորիչ էր երիտասարդ դաշնակահարուհու կողմից Ալեքսեյ Շորի ստեղծագործության կատարումը` անկեղծ, հուզիչ, տեխնիկապես բարձր մակարդակով, որն ունկնդիրն ընդունեց բուռն ծափողջույններով։

Դիրիժոր Գերգելի Մադարաշը նկատում է, որ իր ղեկավարությամբ ներկայացվել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Խոսելով Շորի արվեստի մասին՝ մաեստրո Մադարաշը նշում է, որ ինքը ներկայացրել է վերջինիս մի շարք գործեր տարբեր երաժշտական փառատոներում. «Շորի երաժշտությունը շատ գրավիչ է, հաճելի, այն մեծ վայելք է պատճառում ունկնդրին։ Պետք է ասել, որ նրա երաժշտությունը նվագախմբերը շատ արագ են ընկալում, իսկ ունկնդրին այն հոգեհարազատ է»։ 

Հիշեցնենք, որ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կողմից (EUFSC) և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Փառատոնային համերգներն ուղիղ եթերով հեռարձակվում են https://symphonicyerevan.com կայքով՝ ավելի մեծ լսարան ընդգրկելով։ Սիմֆոնիկ ու կամերային համերգները մեծ ընդունելության են արժանանում ունկնդրի կողմից, որոնց թվում են նաև Հայաստան այցելած բազմաթիվ զբոսաշրջիկներ։
 

Նմանատիպ նյութեր