211652_close_icon
views-count137242 դիտում article-date 11:46 02-08-2022

Ծեծկռտուք Երևանում․ «Երևան Սիթիի» դիմաց պարեկներին տեսնելով, կռվի մասնակիցները դիմեցին փախուստի․ պարեկները կարողացան վնասազերծել մի քանիսին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը, նույն վաշտի պարեկներ Դավիթ Հովհաննիսյանն ու Հովհաննես Հարությունյանը ծառայության ժամանակ նկատել են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատարն ու պարեկները, երբ մոտենում են նրանց, կռվի մասնակիցները Սասնա Ծռեր էպոսի «բոզ նապաստակի» նման տարբեր ուղղություններով դիմում են փախուստի։

Պարեկներին հաջողվում է հետապնդել ու մի քանիսին վնասազերծել։ Ապա ժամանում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր բերման ենթարկվածներին տեղափոխում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Տեղում վաշտի հրամանատար Ն․ Ավետիսյանը, օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ կռվի մասնակիցներից 2 հոգի Nissan March մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախոստի։ Ու ստանում է հավաստի տեղեկություն, թե որ ուղղությամբ են նրանք մեկնում։  Ն․ Ավետիսյանն ու պարեկները հետապնդում, ապա Դրոյի և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկից դեպի Պարույր Սևակ հատվածում կանգնեցնում են Nissan March-ն ու 2 հոգու բերման ենթարկում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Նրանցից մեկի հագուստի վրա առկա են լինում արնանման հետքեր։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են՝ Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Դ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Պապին Վ․-ն, Երևանի բնակիչ 27-ամյա Վահե Մ․-ն։

Քանեքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կռվի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեղախցիկի առաջ խոսել, ասում էին․ «10 հոգի կլինեին։ Իրար հետ վիճաբանում էին։ Հետո այն վերածվեց ծեռկռտուքի։ Բայց հենց պարեկների ավտոները տեսան, դիմեցին փախուստի։ Բայց տեսանք, որ այնուամենայնիվ, փախնողներից մի քանիսին պարեկները կանդալած մտցրեցին իրենց ավտոներն ու տարան։ Վստահ ենք՝ եթե պարեկներն օպերատիվ չգործեին ու չվնասազերծեին դրանց, կռիվը թեժանալու էր ու հնարավոր է՝ ողբերգական ավարտ ունենար։ Դրանցից մի քանիսի հագուստների վրա էլ արյուն կար»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր