211652_close_icon
views-count1312 դիտում article-date 15:19 30-07-2022

Հայ կանայք ունեն ներուժ գիտության և ՏՏ ոլորտները առաջ տանելու և զարգացնելու համար․ Հակոբ Արշակյան

Մեկնարկել է Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն՝ ընդգծելով, որ ուզում է հորդորել հայ կանանց և աղջիկներին՝ հավատալ իրենց ուժերին  և առաջ գնալ։ Հաղորդում է «Արմենպրեսը»։

«FemInno կոնֆերանսը կազմակերպել են կանայք։ Բանախոսներն արդեն բարձունքների հասած կանայք են, ովքեր կիսվելու են իրենց պատմություններով։ Ուզում եմ ոգևորել, որպեսզի հայ կանայք և աղջիկները հետևեն այդ օրինակներին, հավատան իրենց ուժերին և գնան առաջ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Արշակյանը։

Նրա համոզմամբ՝ կանանց զբաղվածությունը տարբեր ոլորտներում քիչ է, որն իր հերթին բացասական հետևանքներ է առաջ քաշում։ Հայաստանն անհրաժեշտություն ունի կանանց ոգևորել, մոտիվացնել՝ գիտության և տեխնոլոգիաների մեջ ներգրավելու համար։

«Ուրախ եմ, որ այստեղ եմ, միաժամանակ, ինձ համար պատիվ է այս կոնֆերանսին ողջույնի խոսք ասել։ Պետք է յուրաքանչյուրս ջանք գործադրենք, որպեսզի կանայք էլ ավելի ակտիվանան տարբեր ոլորտներում»,- նշեց Արշակյանը։

ԱԺ նախագահի տեղակալը նկատեց՝ Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը։ Նա շեշտեց՝ լիահույս է, որ համաժողովը, միջազգային լինելով, որպես «արտադրանք»՝ կարտահանվի տարբեր երկրներ, ինչի դեպքում ՀՀ կառավարությունը պետական աջակցություն կցուցաբերի։ 

Նմանատիպ նյութեր