211652_close_icon
views-count1061 դիտում article-date 16:29 07-07-2022

Արցախում ցանքատարածությունների մոտ ծավալվել են հրշեջ հենակետներ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

Արցախի ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն այցելել է Մարտունու շրջանային ԱԻ բաժնի հրշեջ հենակետեր, հետևել բերքահավաքի ու ծառայության ընթացքին:

Արցախի Հանրապետությունում մեկնարկել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, որն անկորուստ իրականացնելու նպատակով՝ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում՝ հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով ցանքատարածությունների մոտ ծավալվել է հրշեջ հենակետներ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:

Հենակետերում ուժեղացված ծառայությանը և հացահատիկայինների ցանքատարածքներում բերքահավաքի ընթացքին երեկ՝ հուլիսի 6-ին, հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը, տեղակալ Սամվել Հայրումյանի ուղեկցությամբ: Ծառայության ղեկավարը Մարտունու շրջանային ԱԻ բաժնի պետ Վահրամ Սաղյանի հետ գույքագրել է առկա տեխնիկական խնդիրները, տվել մի շարք հանձնարարականներ:

Մարտունու շրջանում այս տարի 2 հենակետ է տեղադրվել: Սպիտակաշեն և Բերդաշեն համայնքների վարչական տարածքներում արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ծառայողները մշտադիտարկում են իրականացնում հարակից ցանքատարածքներում: Սպիտակաշենի հրշեջ հենակետի անձնակազմն արդեն 3 ելք է կատարել: Հրդեհ է բռնկվել ցորենի դաշտերում: Բարեբախտաբար կրակը մարվել է ժամանակին: Շատ կորուստներ չեն կրել:

Ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու, հրդեհավտանգ շրջանում կանչերին ժամանակին արձագանքելու համար բաժնի նյութատեխնիկական բազան նախապես համալրվել է անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով: Վերջին շրջանում նաև կադրային փոփոխություններ են եղել: Երիտասարդ հրշեջ փրկարարներն ավագ ընկերների հետ պատրաստ են ցանկացած արտակարգ իրավիճակի:
Մեխակ Արզումանյանը հետաքրքրվել է անձնակազմի առօրյա ծառայության ընթացքով, արտակարգ պատահարների և հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներով և ծառայության առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ տվել հստակ առաջադրանքներ:

Նմանատիպ նյութեր