211652_close_icon
views-count1031 դիտում article-date 18:10 12-06-2022

Ճգնաժամի ավարտին պետք է տեղ գտնել Ուկրաինայի և Ռուսաստանի համար. Քիսինջեր

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար եւ սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-Չինաստան մերձեցման ճարտարապետ Հենրի Քիսինջերը The Sunday Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական պատերազմի ավարտին պետք է տեղ գտնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի համար։

«Հիմա հարցն այն է լինելու, թե ինչպես վերջ տալ այս պատերազմին։ Ի վերջո, պետք է տեղ գտնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի համար, եթե մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը դառնա Չինաստանի ֆորպոստը Եվրոպայում»,- ասել է Քիսինջերը:

Քիսինջերը նաև դրական է արտահայտվել Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի ձեռնարկած քայլերի մասին՝ նշելով, որ այն ճիշտ դաշինք էր Ռուսաստանի Դաշնությանը հակազդելու համար, երբ այն համաշխարհային խաղաղության գլխավոր սպառնալիքն էր: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն դարձել է մի կառույց, որը յուրօրինակ կերպով արտացոլում է եվրոպական եւ ամերիկյան համագործակցությունը, ինչի համար էլ կարեւոր է այն պահպանելը:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարն իր կարծիքն է հայտնել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ ասելով, որ նրան մտածկոտ քաղաքական գործիչ է համարում: Ըստ Քիսինջերի, Պուտինը խոհեմ վերլուծաբան է, որի հիմքում Ռուսաստանն է՝ որպես ինչ-որ միստիկ սուբյեկտ:

«Եվ այս տեսլականում Ուկրաինան առանձնահատուկ դեր խաղաց: Այս տարածքով անցան շվեդները, ֆրանսիացիները և գերմանացիները, երբ նրանք ներխուժում էին Ռուսաստան, եւ մասամբ պարտվեցին, քանի որ դա հյուծել էր նրանց։ Սա Պուտինի տեսակետն է»,- ասել է Քիսինջերը՝ հավելելով, որ այս տեսակետը հակասում է Ռուսաստանից առանձնանալու ժամանակաշրջանի ուկրաինական պատմությանը:

Քիսինջերի կարծիքով, Պուտինի «խնդիրը» այն է, որ նա անկում ապրող երկիր է ղեկավարում եւ այս ճգնաժամում կորցրել է չափի զգացումն ու նրա արածին արդարացում չկա:

Նմանատիպ նյութեր