211652_close_icon
views-count32509 դիտում article-date 18:25 29-05-2022

Դանակահարություն Երևանում. վիրավորը հիվանդանոցում հայտնել էր, որ խորովածի շամփուրը ձեռքին վազելուց է վնասվածք ստացել, սակայն Նոր-Նորքի և Ավանի ոստիկանները կարճ ժամանակում պարզեցին իրականությունը

Այսօր՝ մայիսի 29-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 01:25-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը:
 
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Նոր-Նորքի և Ավանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուստամ Բ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Խուդյակով փողոցում՝ խորովածի շամփուրը ձեռքին վազելու և ընկնելու հետևանքով:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ Ռուստամ Բ.-ի ասածը իրականությանը չի համապատասխանում ու տաք հետքերով ճշտել են, որ նույն օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, Խուդյակով փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Յուրի Բ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Ռուստամ Բ.-ի որովայնի շրջանին:
 
Ժամերի ընթացքում ոստիկանները Գայի պողոտայում հայտնաբերել են կասկածյալ Յուրի Բ.-ին և բերման ենթարկել ոստիկանության Ավանի բաժանմունք:
 
Նրա մոտ հայտնաբերվել է նաև 8 սմ շեղբի երկարությամբ դանակ և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է:
 
Փաստի առթիվ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր