211652_close_icon
views-count2178 դիտում article-date 16:19 21-05-2022

Խորհուրդ կտամ՝ «լալկվեն», ոչ թե «հանգիստ նստեն տեղները»․ Սեյրան Օհանյան

Նիկոլի իշխանությունը Բանակի նկատմամբ քաղաքականությունը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այս օրերին տարբեր ճակատներով իշխանական շահերը սպասարկող, որոշ ճամբարափոխ զանգվածներ և նրանց ենթարկվող սուտ արբանյակները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում են իրենց ծառայությունները մատուցել «գերագույն պատասխանատուին»՝ անվտանգության համակարգում իրենց ձախողումները նորից բարդելով «նախկինների» կամ ուրիշների վրա։ ԱՌԱՋԻՆԸ՝ խորհրդական Էդմոն Մարուքյանը Բանակի բարեփոխումների ձախողման մասին մեր տեսակետները անվանում է «մերկապարանոց»՝ բացարձակ պատկերացում չունենալով, որ երկրի պաշտպանության խնդիրների փոփոխության պայմաններում միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծմամբ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ է իրականացվում՝ գնահատելով անվտանգության նոր միջավայրը, վեր հանելով արտաքին ու ներքին սպառնալիքները և որոշելով պետության յուրաքանչյուր գերատեսչության դերն ու խնդիրը պաշտպանական քաղաքականության մեջ։ Այնուհետև, ըստ զարգացման պլանի մեթոդաբանության, տեղեկությունների՝ գաղտնիք չպարունակող մասը ներկայացվում է հանրությանը, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ Բանակը վերականգնվում է և շարունակում մնալ որպես անվտանգության երաշխավոր։ Եվ սա «փիար» չէ, այլ, ընդհակառակը, իշխանությունն ինքն է պարտավոր փարատել քաղաքացու բոլոր մտահոգությունները՝ իր կատարած աշխատանքները խելամտորեն ներկայացնելով հանրությանը։ Լսո՞ւմ եք, նորից եմ կրկնում՝ նույնիսկ իրենք՝ այս իշխանություններն են իրենց շուրթերով ասում, որ այս գործընթացը իրենք չեն կատարել։

Ընդհակառակը, Նիկոլի իշխանությունը Բանակի նկատմամբ քաղաքականությունը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։ Ես մեղավոր չեմ, որ երկրի կառավարության աթոռին կառչած Նիկոլը չունի այդ կրթությունն ու մակարդակը։ Եվ խորհուրդ կտայի Էդմոն Մարուքյանին՝ չմտնել այն թեմաների մեջ, որոնցից գաղափար չունի և երբևէ չի էլ կարող ունենալ։

ԵՐԿՐՈՐԴԸ՝ բանակում ծառայած գեներալ Գագիկ Մելքոնյանը մինչև հիմա զարմանալի կերպով չգիտի՞, որ պետական կամ ռազմական գործում կարող են որոշումներ կայացնել ու իրականացնել մարդիկ, ովքեր պաշտոն ունեն և հետևաբար իրավական հիմքով լծակներ, իրավասություններ, պարտավորություններ՝ խնդիրները լուծելու համար։ Կոնկրետ ոչ մի պահեստազորի զինվորական, ներառյալ նաև գեներալ Մելքոնյանը թող գլուխ չգովեն․ իրենք այդ հնարավորությունը չունեին։

Կրթված զինվորականները գիտեն, որ բացարձակ տարբեր են մարտական գործողությունները լեռնային պայմաններում, որտեղ եղել է Մելքոնյանը, և ավելի դժվար են գործողությունները հարթավայրային պայմաններում, որտեղ հակառակորդը, ուժեր կուտակելով, գլխավոր հարված է հասցրել ու ճեղքել պաշտպանությունը։ Վերախմբավորումներ կատարել և փակել հակառակորդի առաջխաղացման ճանապարհը՝ պետության ղեկավարության խնդիրն է, ընդ որում՝ նաև Հադրութում ու առավել ևս Շուշիում։ Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները․ թող ինքը որոշի։ Իսկ ինչ եք կարծում՝ ինքը չգիտի՞ դրա մասին։ ԵՐՐՈՐԴԸ՝ ոստիկանության գնդապետն ասում է, որ ոստիկանության պետը թույլ է տվել կոլեգիայի անդամներին գլխարկ չկրել։ Պահանջում եմ հրապարակել այդ թույլտվության հրամանը․ թող ժողովուրդը տեսնի։

Ինչպե՞ս կարող է համազգեստի կրման մեջ տարբերություն լինել․ ի՞նչ օրինակ են ցույց տալիս պետերն իրենց ենթականերին։ Այդպես լավ չէ, թող մյուսին էլ թույլ տան կոճակները չկոճկել, ուսադիրները հանել կամ տաբատ չկրել։ Սա ի՛նչ «բեսպրեդել» է։ Ես հիմա պահեստազորում եմ և քաղաքացիական հագուստ եմ կրում, սակայն երբ ծառայում էի զինվորական համակարգում ու նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին, երբևիցե չեմ խախտել համազգեստ կրելու օրենքը։ Ես և ժողովուրդը՝ որպես պատգամավոր և հանրություն, պահանջում ենք, որ մեր օրենքի պաշտպանը օրենքի պաշտպանման համար օրինակ հանդիսանա։ Եվ նորից՝ Նիկոլն ու իր սատելիտները որտեղից իմանան դրա մասին ու պահանջեն կողքի կանգնածներին չխախտել օրենքը, եթե իրենք չեն ծառայել ու կյանքում՝ մինչև պաշտոնների դրվելը, նույնիսկ մի քանի մարդ չեն ղեկավարել։ Նրանք միայն կարող են իրենց կեղծ հրոսակախմբերին հրահանգ տալ, որ ամենակեղտոտ խոսքերով, ստերով հարձակվեն, վարկաբեկեն մարդկանց։

Եվ այսպես շարունակ։ Ժողովուրդը կարող է տարբեր ուղղություններով մերկացնել, թվարկել իշխող ուժի ստերը, ապօրինությունները։ Այնպես որ, խորհուրդ կտայի՝ «լալկվեն» ու ոչ թե, ինչպես իրենք են ասում, «հանգիստ նստեն տեղները», այլ շա՛տ արագ հեռանան»,- գրել է Նա։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր