211652_close_icon
views-count1328 դիտում article-date 09:43 26-04-2022

Ամերիկահայությունը նշեց Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում ապրիլի 24-ին կայացան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ, բողոքի ակցիաներ, հոգեհանգստի արարողություններ: Նախագահ Բայդենն այս տարի կրկին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Սպիտակ տունն ապրիլի 24-ին հրապարակեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության107-րդ տարելիցին նվիրված ուղերձը, ուր ԱՄՆ նախագահը կրկին անգամ կիրառեց «ցեղասպանություն» եզրը՝ շեշտելով՝ «պարտավորվում ենք բարձրաձայնել եւ դադարեցնելկոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում»: Հիշեցնենք, որ առաջին անգամ «ցեղասպանություն» եզրը կիրառվել է նախագահ Բայդենի անցած տարվա ապրիլ 24-ին նվիրված ավանդական ուղերձում:

Այս տարվա ուղերձի մեջ, մասնավորապես, նախագահ Բայդենը նշել է. «1915 թվականի ապրիլի 24-ինօսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան ոչնչացման արշավի ընթացքում, եւ սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։

Խորհելով Հայոց ցեղասպանության մասին՝ վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն մնալ ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր դրսեւորումներում։ Վերստին պարտավորվում ենք բարձրաձայնել եւ դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։ Միեւնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում, պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու եւ կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին»,- ասված է նախագահ Բայդենի ուղերձում:

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում և բնակավայրերում անցան Հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ, բողոքի ցույցեր ու հոգևոր պատարագներ: ՎաշինգտոնիՍուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվել էր հոգեհանգստի արարողություն և ծաղկեպսակի տեղադրում եկեղեցու մոտ գտնվող խաչքարին: Մայրաքաղաք Վաշինգտոնում Հայ երիտասարդական դաշնակցության (AYF) Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղն էլ առաջնորդեց Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև՝ Շերիդան հրապարակում, վաշինգտոնահայության բողոքի ցույցը, որը Թուրքիայի իշխանություններից պահանջում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև հակացույց էին իրականացնում թուրքական և ադրբեջանական համայնքների ու կառույցների ներկայացուցիչները: Երկու կողմում էլ բարձր հնչում էր ազգային երաժշտություն, իսկ մայրաքաղաքի ոստիկանական ուժերը համապատասխան անվտանգության միջոցառումներ էին իրականացրել՝ բացառելով որևէ տեսակի ընդհարում ցուցարարների միջև:

Թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի համանախագահ Գյունայ Էվինչը Ամերիկայի ձայնի հետ զրույցում ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ՝ քննադատելով ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրի կիրառումը՝ այս քայլը որակելով ոչ անաչառ, միակողմանի և քաղաքականացված: Նախագահը դատավոր չէ՝ հանցագործության մասին գնահատականներ տալու համար, նշեց թուրք փաստաբանը՝ ընդգծելով՝ այդ իրավունքը վերապահված է դատարանին:

Էվինչը հույս է հայտնել, որ ամերիկահայ և ամերիկաթուրք համայնքները կկարողանան գտնել ընդհանուր եզրեր՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների միջև առկա են շատ ընդհանրություններ: Նրա կարծիքով կողմերը կարող են հասնել այնպիսի մթնոլորտի, ուր լսելի կլինեն միմյանց փաստարկները: Հույս հայտնելով, որ հայ-թուրքական ընթացող երկխոսությունը հաջողություն կունենա՝ Էվինչը միանշանակ աջակցություն հայտնեց հայ-թուրքական գործընթացին՝ նշելով, որ, ըստ իր հաշվարկի, 1919 թվականից սա արդեն թվով 19-րդ հաշտեցման փորձն է: Բացի այդ, նա կոչ արեց ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որն, ըստ նրա, կբացահայտի եղելությունը:

Իր հերթին Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ, կառավարության հետ կապի գծով տնօրեն Թերեզա Երիմյանն Ամերիկայի ձայնի հետ զրույցում շեշտում է, որ այսօր ԱՄՆ Կոնգրեսը և նախագահը ճիշտ դիրքորոշում են որդեգրել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն, ըստ նրա, դրա մասին հայտարարությունը դեռևս բավարար չէ, և անհրաժեշտ են հավելյալ քայլեր այս ուղղությամբ: Մասնավորապես, նա քննադատեց ԱՄՆ վարչակազմը՝ Ադրբեջանին շարունակաբար ռազմական օգնություն տրամադրելու համար՝ կոչ անելով կիրառել Ազատության աջակցման ակտի 907-րդ օրենքը, որով արգելվում է օգնության ցուցաբերում Բաքվին: Բացի այդ, Երիմյանի կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է պահանջի Թուրքիայից դադարեցնել ռազմական օժանդակությունը Ադրբեջանին և ստիպի Բաքվին և Անկարային վերջ դնել իրենց ագրեսիվ քաղաքականությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ:

Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչը նաև քննադատեց Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների այսօր որդեգրած քաղաքականությունը՝ միտված վերջիններիս հետ հարաբերությունների կարգավորմանը:

Շերիդան հրապարակում բողոքի ցույցի ավարտից հետո ամերիկահայ ցուցարարները Հայաստանի դեսպանատան մոտ անցկացրեցին կարճատև բողոքի ակցիա, ուր ևս քննադատեցին Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Երևանի փորձերը: Այնուհետև, ամերիկահայ ցուցարարները շարժվեցին դեպի Սպիտակ տուն, որտեղ շարունակեցին իրենց բողոքի ակցիան՝ ԱՄՆ վարչակազմից պահանջելով քայլեր ձեռնարկել Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ որդեգրած քաղաքականության դեմ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, որին մասնակցեցին այստեղ հավաքված ամերիկահայ կառույցների ներկայացուցիչներն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության աշխատակիցները: Ներկաների թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ-ը նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին դեսպանության բակում տեղադրված խաչքարին, իսկ կարճ հոգեհանգստի արարողությանը հաջորդեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ու ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի ելույթները:

Ներկաների առջև ելույթով՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը իր խոսքում կարևորեց ամերիկահայ համայնքի ունեցած մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

«Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը 2021 թվականի ապրիլի 24-ին և այս տարվա իր հայտարարության մեջ, իսկ դրանից առաջ երկկուսակցական բանաձևերը, որոնք ընդունվել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատների կողմից 2019 թվականին, հակադարձում են ցեղասպանության ժխտման վտանգավոր միտմանն ու ցեղասպանության քաղաքականացմանը»,- նշել է նա:

Ըստ դեսպան Մակունցի՝ այդ ճանաչումը նաև վերականգնեց ԱՄՆ-ի դիրքը որպես արդարադատության համաշխարհային առաջատարի և կարևոր ուղերձ հղեց աշխարհին, որ պատմությունը հնարավոր չէ ջնջել, իսկ ժամանակակից աշխարհը չի հանդուրժի նոր ցեղասպանություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ մեր խորին շնորհակալությունը հայտնել ամերիկահայ համայնքին և իհարկե ԱՄՆ Սենատին, Ներկայացուցիչների պալատին և Միացյալ Նահանգների նախագահին պատմական այս ակտի համար»,- ասել է դեսպան Մակունցը՝ շեշտելով՝ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի ժամանակին և պատշաճ կերպով արձագանքելու համար՝ ներառյալ մարդու իրավունքների խախտումների դատապարտման կանխարգելիչ մեխանիզմների մշակման ու ուժեղացման ուղղությամբ։ Ըստ նրա՝ «2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հայերը զգացին նման մեխանիզմների բացակայությունը, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցան գլխատումներ, քաղաքացիական անձանց սպանություններ»:

Բացի մայրաքաղաք Վաշինգտոնից ամերիկահայ համայնքը բողոքի ցույցեր ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ էր կազմակերպել Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Դետրոյթում և այլ քաղաքներում: Այս կապակցությամբ հայտարարություններով հանդես եկան ԱՄՆ Կոնգրեսի անդամներ և սենատորներ, տարբեր նահանգների նահանգային իշխանություններ, իսկ Միչիգան նահանգի նահանգապետ Գրետչեն Ուիթմերը 2022 թվականի ապրիլի 24-ը հայտարարեց 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության հիշատակի օր Միչիգան նահանգում։

Նմանատիպ նյութեր