211652_close_icon
views-count1481 դիտում article-date 18:12 15-03-2022

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Համայնքահեն ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում. Կարիքներ և հնարավորություններ» խորագրով Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության  հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստը:

Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, որին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ:

Բացման խոսքում, պաշտպան Գրիգորյանը ողջունելով և ծանոթանալով Խորհրդի անդամներին,  նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը լինելու է իր մշտական ուշադրության կենտրոնում և որ հասարակական խորհրդի հետ սերտ համագորրծակցությունը միանշանակ օգտակար է լինելու թե խնդիրների ճիշտ թիրախավորման, և թե առաջնահերթությունների որոշման առումով:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Վիթն իր հերթին ողջունելով մասնակիցներին՝ ընդգծել է, որ կարևորում են միջգերատեսչական հաղորդակցության զարգացումը և քաղաքացիակենտրոն ու հաշվետու որոշումների կայացման ինստիտուցիոնալ զարգացումը Հայաստանում:

Ջեյմս Դե Վիթը հիմնարար է գնահատել հանդիպման թեման ժողովրդավարության համատեքստում՝ նշելով, որ այն առնչվում  է ժողովրդավարության հիմնասյուներից մեկին՝ մարդու իրավունքների պատպանությանը:

Պաշտպան Գրիգորյանն անդրադառնալով հաշմանդամութույն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին Հայաստանում՝ հիշատակել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ և արտահերթ զեկույցներով արձանագրված խնդիրներն ու նշել, որ դրանցից շատերը շարունակում են մնալ չլուծված, սկսած քաղաքականությունների մշակման գործընթացից ու իրազեկումիցմինչև միջավայրերի ու ծառայությունների մատչելիության և մատուցվող ծառայությունների հիմքում կարիքի հստակ գնահատման բացակայության խնդիրները:

Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է Խորհրդի անդամներին նախանշել գործունեության առաջնահերթությունները և եռամսյակային նիստերի օրակարգում թիրախավորել խնդիրներ ու հաջորդող ժամանակահատվածում մեկտեղել ջանքերը՝ հասնելու նախանշած ուղղություններով լուծումների:

Այնուհետև, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցով և տարեկան հաղորդմամբ արձանագրված այն համակարգային խնդիրները, որոնք արձանագրվել են կարիքահեն և համայնքահեն ծառայությունների մատուցման ոլորտում: Հատուկ ընդգծվել է արտահերթ զեկույցի  մշակման աշխատանքների ներկայացուցչական բնույթը, որին մասնակցել են նաև հասարակական խորհրդի անդամները:

Արձանագրված խախտումների համատեքստում Մոնիկա Սարգսյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնամող անձանց իրավունքները պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության խոչընդոտներին, համայնքային ծառայությունների բացակայությանը կամ դրանց սահմանափակ լինելուն, դրանց մատչելիության և հասանելիության, երեխաների վերականգնողական ծառայությունների, կարիքների գնահատման հետ կապված խնդիրներին:

Հաջորդիվ, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Խորհրդի անդամների և մասնակիցների միջև: 
 
ՄԻՊ հանրային կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր