211652_close_icon
views-count2036 դիտում article-date 09:15 17-03-2022

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ-ի դիմումը «դատապարտված է ձախողման»․ «Ամերիկայի ձայն»

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկություն կանցկացվի Ուկրաինայում խաղաղ բնակիչներին օգնության և պաշտպանության մասին Ռուսաստանի դիմումի վերաբերյալ։ Դիվանագետների կարծիքով՝ Մոսկվայի այս նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, քանի որ այնտեղ չի նշվում ռազմական գործողությունների դադարեցման կամ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հղում անելով Reuters գործակալությանը:

Բանաձեւի նախագծում, որին ծանոթացել է Reuters-ը, Ռուսաստանը նույնպես պատասխանատվություն չի ստանձնել եւ չի ճանաչել հարեւան երկրի ներխուժումը։

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդը նշել է, որ Մոսկվան ամոթաբար չի ներկայացնում ողջ ճշմարտությունը։ Երեքշաբթի օրը իր Twitter-ում հրապարակված տեսանյութում դիվանագետն ասում է, որ Ռուսաստանը «խաղ է խաղում»: Նա ասել է, որ Լոնդոնը կողմ չի քվեարկի Մոսկվայի առաջարկած բանաձեւին։

«Նրանց բանաձեւը կողմերին կոչ է անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, սակայն անտեսում է այն փաստը, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարում», - ասել է նա: «Դա նրանց ներխուժումն ու գործողություններն են, որոնք առաջացնում են զարգացող հումանիտար ճգնաժամը»:

Անվտանգության խորհրդի բանաձևը պահանջում է առնվազն ինը ձայն և վետոյի բացակայություն Ռուսաստանից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից: Դիվանագետները կարծում են, որ Մոսկվայի առաջարկը ձախողվելու է, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, ձեռնպահ կմնա քվեարկությունից։

Ռուսաստանն առաջարկեց տեքստի իր տարբերակը այն բանից հետո, երբ Ֆրանսիան և Մեքսիկան հրաժարվեցին ԱԽ-ի բանաձեւ ներկայացնել Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, քանի որ մեծ հավանականություն կա, որ Մոսկվան կօգտագործի իր վետոն: Փոխարենը նրանք նախատեսում են բանաձեւը քվեարկության դնել 193 երկրներից բաղկացած Գլխավոր ասամբլեայում, որտեղ ոչ մի երկիր վետոյի իրավունք չունի:

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ պատրաստ կլինենք մարդասիրական բանաձեւ ընդունել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ, պայմանով, որ դա պատրվակ չլինի Ռուսաստանին կրկին մեղադրելու և խայտառակելու համար»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան երեքշաբթի օրը:

Ռուսաստանի կողմից մշակված Անվտանգության խորհրդի բանաձևը «պահանջում է խաղաղ բնակիչների, ներառյալ հումանիտար անձնակազմի և խոցելի խմբերի՝ կանանց և երեխաների լիարժեք պաշտպանություն»: Նա նաև կոչ է անում անվտանգ և անարգել մուտք գործել օգնության նպատակով և մարդկանց անվտանգ դուրս բերել Ուկրաինայից:

Ուկրաինան և նրա արևմտյան դաշնակիցները Մոսկվային մեղադրում են խաղաղ բնակչության վրա հարձակվելու մեջ։ Փետրվարի 24-ին սկսված ռուսական ներխուժման ժամանակ հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ մի քանի միլիոնը ստիպված եղավ լքել իրենց տները։

Ռուսաստանը Ուկրաինայում իր ռազմական գործողություններն անվանում է «հատուկ գործողություն»։ Նա հերքում է խաղաղ բնակչության վրա հարձակումները և ասում, որ բոլոր օդային հարվածները, ցամաքային և ծովային գործողությունները ուղղված են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների ոչնչացմանը:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհանդիպի նաև Անվտանգության խորհրդի անդամներին Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին տեղեկացնելու համար, ասել են դիվանագետները: Նիստը գումարվել է ԱՄՆ-ի, Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի խնդրանքով։

Նմանատիպ նյութեր