211652_close_icon
views-count1452 դիտում article-date 20:00 11-03-2022

Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման մարտի 11-ին այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝ ծաղիկներ խոնարհելու 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, հոգևորականներ, վարչության աշխատակիցներ, ինչպես նաև՝ քաղաքի բնակիչներ:

9,0 մագնիտուդով երկրաշարժը Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին: Այն առաջացրել էր վիթխարի ցունամի, որի ալիքների բարձրությունը կազմել էր 10-15 մետր: Զոհված և անհետ կորած է համարվում ավելի քան 18 հազար մարդ:

Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Ճապոնիայում գրանցված երկրաշարժն իր բնութագրով նման էր Սպիտակի աղետին: Նա ընդգծել է, որ 1988-ին Ճապոնիայի կառավարությունն ու բնակչությունն առաջիններից էին, որ ձեռք մեկնեցին Հայաստանին՝ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:

«Առ այսօր Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են մեր կողքին: Տարբեր բարեգործական ծրագրերով օգնում են մեզ և ԱԻՆ-ի միջոցով կարողանում են ծրագրեր մշակել և օգտակար լինել մեր երկրին: Մենք համոզվեցինք, որ տարերային աղետների դեպքում ժողովուրդներն ու պետություններն ի զորու չեն միայնակ պայքարել»,- նշել է նախարար Ա. Փիլոյանը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման էլ իր հերթին նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին Ճապոնիայի կողքին լինելու համար: Դեսպան Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել նաև գնդապետ Գաբրիելյանին, ով նախաձեռնել էր խաչքարի կառուցումը:

«Այս խաչքարը երկու ժողվուրդների բարեկամության խորհրդանիշն է: 2011 թվականի երկրաշարժից հետո Հայաստանն ու Ճապոնիան սկսեցին սերտ համագործակցություն Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում: Չնայած աշխարհագրական դիրքով մեր երկրները միմյանցից շատ հեռու են, սակայն կան շատ նմանություններ՝ գեղեցիկ լեռներ, երկրաշարժեր: Հույս ունեմ, որ ԱՌՆ ոլորտում համագործակցությունը կշարունակի մնալ մեր հարաբերությունների հենասյունը»,-եզրափակել է դեսպանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր