211652_close_icon
views-count1868 դիտում article-date 20:08 11-03-2021

Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 11-ին՝  Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 10-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները և այլք:

ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը զորակցության խոսքեր է հղել արհավիրքը վերապրած Ճապոնիայի ժողովրդին, այնուհետև անդրադարձել է հայ-ճապոնական բարեկամությանը և արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:

«2013թ-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ ԱԻՆ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի կողմից Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի: Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ևս ապրել ենք այդ ողբերգությունը: Սակայն պետք է փաստեմ, որ սա մեր ժողովուրդներին կապող միակ օղակը չէ, Հայաստանը և Ճապոնիան, տարբերություններով հանդերձ, ունեն բազում նմանություններ՝ բնական հարուստ պաշարների բացակայություն, մտավոր մեծ ներուժ, աշխատասիրություն, պատմական տպավորիչ անցյալ, ազգային ինքնատիպ մշակույթ, որոնք էլ հիանալի նախադրյալ են դարձել տարբեր ոլորտներում համագործակցելու համար:

Մասնավորապես, ԱԻՆ-ը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համագործակցում է 2007 թվականից՝ համատեղ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր՝ տեխնիկական աջակցությունից մինչև կրթական, վերապատրաստման դասընթացների կազմակերպում և փորձի փոխանակում: Պետք է վստահաբար ասել, որ բոլոր ծրագրերն արդյունավետ են եղել»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին՝ 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, ընդգծել, որ Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը:

Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել հուշարձան-խաչքարի մոտ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր