211652_close_icon
views-count2281 դիտում article-date 21:20 05-03-2022

Ստեփանակերտում կազմակերպվել է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման իրավունքի

Այսօր՝ մարտի 5-ին, «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի տարածքում Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը կազմակերպել է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման իրավունքի:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիային մասնակցում էին «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը, կուսակցության ներկայացուցիչները, քաղաքացիներ:

«Արդարություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Արշակ Աբրահամյանը ողջունելի համարեց Ռուսաստանի կողմից տվյալ հանրապետությունների անկախության ճանաչումը և հույս հայտնեց, որ հաջորդիվ կճանաչվի Արցախի Հանրապետությունը:

«Արցախցին իր հողում անկախ ապրելու իրավունքը հաստատել է՝ երեք պատերազմներում հերոսաբար պաշտպանելով այն: Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը և չենք ընդունում արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ. նկատի ունենք կիրառվող բոլոր սանկցիաները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի  հետագա ընդարձակումը դեպի ՌԴ սահման՝ օգտագործելով Ուկրաինայի իշխանություններին», - նշել է Ա. Աբրահամյանը: