211652_close_icon
views-count2764 դիտում article-date 19:56 05-03-2022

Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում տիրող իրավիճակի և ՀՀ դեսպանության աշխատանքի վերաբերյալ. «Արմենպրես»

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների, դեսպանության կողմից կատարած և կատարվող աշխատանքների մասին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը:

Դեսպանը հայտնել է, որ դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

-Ի՞նչպես են ընթանում այժմ իրադարձություններն Ուկրաինայում: 

-Ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը: Մարտի 3-ին Բելառուսում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որի արդյունքում ձեռք են բերվել որոշ հուսադրող պայմանավորվածություններ, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության դուրսբերման հումանիտար միջանցքների և դրանց գործարկման վայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Հայաստանը հայտնել է իր դիրքորոշումը այս հարցով  և մեծ հույսեր ունի, որ բանակցային սեղանի շուրջ հնարավոր կլինի խնդիրները հանգուցալուծել։

-Գիտենք, որ դեռեւս ռազմական գործողությունները սկսվելուց առաջ Կիեւում որոշ դեսպանություններ տարհանեցին նախ դիվանագետների ընտանիքի անդամներին, ապա դիվանագետներին։ Ինչպիսի քաղաքականություն է որդեգրել այս առումով Հայաստանը։

-Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը եղել է այն եզակի դեսպանություններից (Կիևում կա 100 դիվանագիտական ներկայացուցչություն), որը ռազմական գործողությունների մեկնարկի պահից ամբողջ կազմով գտնվել է Կիևում և իրականացրել է իր գործառույթները ողջ ծավալով։ Դեսպանությունը նաև մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների, այլ երկրների քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի և տեղական իշխանությունների հետ:

Պայմանավորված Կիևի շուրջ իրավիճակի վատթարացմամբ, անվտանգության ապահովման նկատառումներից և Կիևում աշխատանքն իրականացնելու անհնարինությունից ելնելով՝ ՀՀ ԱԳ նախարարի որոշմամբ դեսպանը և դիվանագիտական անձնակազմը տեղափոխվել և մարտի 4-ից ժամանակավորապես աշխատում են Լվով քաղաքից: Ներկա պահին Լվովում արդեն բացվել է հյուպատոսական կետ՝ ՀՀ քաղաքացիներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վաղվանից հյուպատոսական կետ կբացվի նաև Ուժգորոդում։

-Ի՞նչ է անում դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին օգնելու համար։

-Դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

Դեսպանությունը, համեստ հնարավորությունների սահմանում, Ուկրաինայում հայ համայնքի հետ միասին, օգնել է այն մարդկանց, որոնք ցանկացել են լքել իրենց տները, քաղաքները։ Հարկ է հաշվի առնել կարևոր մի հանգամանք. Ուկրաինայում է բնակվում մի քանի հարյուր հազար հայ և նրանց զգալի մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Սա ասում եմ, որ պատկերացնեք, թե ինչ ռեժիմով և ծանրաբեռնվածությամբ է գործել դեսպանությունը Կիևում․ անդադար զանգեր (պատասխանել ենք մի քանի հազարին հասնող զանգերի), քաղաքացիների տասնյակ այցելություններ ու օժանդակության դիմումներ։ Որևէ դեսպանություն, ոչ թե մեր նման՝ համեմատաբար փոքր, այլ շատ ավելի մեծ, չուներ այն ծավալի ծանրաբեռնվածությունը, որքան ունեցել է մեր դեսպանությունը` հաշվի առնելով համայնքի մեծությունը և դիմումների քանակը։

Եվ ամբողջ այս աշխատանքը կատարվել է պատերազմական իրավիճակում․ օրվա ընթացքում 10-15 անգամ հնչող օդային տագնապի ազդանշանների, պայթյունների, կրակոցների, խստագույն պարետային ժամի պայմաններում։ Դեսպանության դիվանագետներից երկուսը պատերազմի առաջին օրերից սկսած գիշերել են ապաստարաններում, պատսպարվելով շուրջբոլորը տեղի ունեցող պայթյուններից ու կրակոցներից և հաճախ հենց ապաստարանից շփվել են մեր հայրենակիցների հետ, ընդունել զանգեր ու տվել խորհուրդներ։

Նմանատիպ նյութեր