211652_close_icon
views-count3229 դիտում article-date 11:54 20-02-2022

Ադրբեջանցիներն Արցախի մեջ տեսնում են իրենց համար պետական վտանգ. Արցախը պետք է լինի հայ ժողովրդի համար գերագույն արժեք. ԱՀ ԱԳ նախարար

 
Փետրվարի 19-ին տեղի ունեցավ «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության միջազգային սպառնալիք» թեմայով հանրային քննարկում։

Քննարկման բանախոսներն էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Հանրային քննարկմանը ներկայացվեց «Հայատյացության քարոզչությունն Ադրբեջանում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում» գրքույկը։ «Մեր առաջնային նպատակն է այս գրքույկի միջոցով ադրբեջանական հայատյացությունը փաստական օրինակներով հասանելի դարձնել հանրության լայն շրջանակներին: Այնուհետև համապատասխան աշխատանքներ կիրականացվեն այն տարբեր լեզուներով թարգմանելու, նաև միջազգային հանրությանը իրազեկելու և այս հարցերը բարձրաձայնելու ուղղությամբ»,- նշեց կովկասագետ Աշոտ Ծատրյանը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների նշանակությունը։ «Հիմք ընդունելով միջազգային փորձը, որտեղ առանձնահատուկ կարևորվում է արտաքին քաղաքականությունում գիտական ներուժի համախմբումը, այս հետազոտության մեջ քննարկվող հարցերը առանցքային կարևորություն ունեն և պետք է հրապատակվեն տարբեր լեզուներով։ Ադրբեջանցիներն Արցախի մեջ տեսնում են իրենց համար պետական վտանգ։ Մենք պետք է լինենք միասնական, պահպանենք մեր արժեհամակարգը, Արցախը պետք է լինի հայ ժողովրդի համար գերագույն արժեք։ Այստեղ հատկապես կարևոր է Արցախի դիրքորոշումը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Տասնութ տարի առաջ, փետրվարի 19-ին սպանվել էր Գուրգեն Մարգարյանը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ սպայի հիշատակը։ «Հայատյացությունն էլ ավելի վտանգավոր է, քանզի կիրառվում է կրթության ոլորտում՝ ձևավորվում է սերունդ, որը կայանում է հային ատելու խոսույթով։ Կարո՞ղ ենք գործ ունենալ ապագա «սաֆարովներ», ցեղասպանական գործողություններ իրականացնող մարդկանց հետ»,- ներկաներին հարցով դիմեց Ռ․Մելքոնյանը։ Վեր են հանվել 3-9-րդ դասարանների գրականության դասավանդումից օրինակներ, որոնք պատկերում են հայի թշնամու կերպարը, կարծրատիպը, դրան զուգահեռ հերոսացնում են իրենք իրենց՝ ադրբեջանցիներին։ Նույն սցենարը կա թուրքական գրականության մեջ։ Հիմա գործ ունենք այն սերնդի հետ, որը երեսուն տարի դաստիարակվում է այս դասագրքերով, ինչպե՞ս ենք խաղաղության դարաշրջան բացում այսպես դաստիարակված երիտասարդի հետ: Ներկա իշխանությունները խաղաղության քարոզով թուլացնում են հայ հասարակության զգոնությունը։ Մեր հասարակությանը պետք է միայն ուղղորդվի իրատեսության գաղափարով, չուղղորդվի պատրանքներով։ Ի․ Ալիևը ասում է, որ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքվի, չպետք է մոռանանք հայերի՝ մեր հանդեպ ունեցած ատելության մասին։ Հայ հասարակությանը պետք է կրթել դեպի իրատեսություն, այսինքն դեպի պաշտպանություն։

Խոսելով ադրբեջանական զեղծարարություններից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը նշեց բոլոր հարևանների հետ Ադրբեջանի ունեցածը խնդիրներ մասին։ «Նրանք կեղծում են նաև Իրանի պատմությունը, ռուսների հետ կապված՝ նրանք այն կարծիքին են, որ աշխարհում առաջին ցեղասպանությունն իրականացրել են սլավոնական ցեղերը։

 «Ադրբեջանը սկզբում ստեղծվել է որպես վերազգային պետություն, քանի որ մեծ թիվ են կազմում այլ ազգերի ներկայացուցիչները։ Ադրբեջանը չի պայքարում միայն Արցախի հայության դեմ, այլ ամբողջ հայության, ինչպես և Թուրքիան։ Պետք է ուժերը համախմբենք, որ կարողանանք փրկել ամենաքաղաքակիրթ ազգի ապագան։ Կանգնեցնենք այն, ինչն ազգայնականության հետ կապ չունի, սիրենք մեր երկիրը, որ մեր սրտում տեղ մնա այլոց ատելության համար»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն անդրադարձավ խնդրի քաղաքական ասպեկտներին։ Նա փաստեց, որ ՀՀ-ն որդեգրել և իրականացնում է խաղաղության օրակարգ, բայց դեռևս չենք կարողացել հստակեցնել ի՞նչ է նշանակում խաղաղություն։ «Այսօր մենք գտնվում ենք քաղաքական զարգացման խորքային ճգնաժամում, մենք չենք կարողանում հստակ նույնականացնել, որն է ՀՀ ազգային և պետական շահը, հետևաբար դրանից ածանցյալ քայլեր ձեռնարկել, որովհետև ադրբեջանական կողմը խաղաղության եզրույթը հասկանում է ամբողջությամբ այլ կերպ և այլ նախապայմաններով, մենք՝ այլ: Երբ խոսվում է, որ այլևս խաղաղության դարաշրջան պետք է բացվի և մենք լինենք դրա համար պատասխանատու, ենթադրվում է, որ մենք խոսում ենք անվտանգության համակարգի մասին, որը պետք է երաշխավորի ինչպես մեր ֆիզիկական անվտանգությունը, այնպես էլ հոգևոր անվտանգությունը, թեպետ, որի մասին կարծես թե որևիցե մեկը չի խոսում։ Այնինչ հոգևոր անվտանգությունը անվտանգային համակարգի առաջնային և կարևորագույն բաղադրիչն է»,- նշեց Սուրեն Պետրոսյանը: 

«Ժողովրդավարականհամախմբում»
կուսակցությանխորհուրդ

 
 

Նմանատիպ նյութեր