211652_close_icon
views-count72119 դիտում article-date 21:31 18-02-2022

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի կողմից ոստիկանության մարզային վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավար կազմը խիստ հանձնարարական է ստացել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձանց հայտնաբերելու ուղղությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների, տարածքային բաժինների ղեկավար կազմը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի խիստ հանձնարարականով աշխատանքներ է  իրականացնում հայտնաբերելու այն քաղաքացիներին, ովքեր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերել: Ընդհուպ հայտնաբերվելու են ոչ միայն նրանք, այլև այն հրազենները, որոնցով սպանվել կամ խեղվել են  կենդանիները:
 
Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  փետրվարի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել   Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա քաղաքացուց, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 18:50-ից 19:05-ն ընկած ժամանակահատվածում  Բաղրամյան փողոցում անհայտ անձը հրազենով կրակել և սպանել է իր «Լաբրադոր» ցեղատեսակի մեկուկես տարեկան շանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ, 61-ամյա Մանվել Ե.-ն, ով  նույն օրը իր բնակության վայրից հանցագործության գործիք հրազենով հանդերձ կենդանիների  նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով բերման է  ենթարկվել  ոստիկանության Արտաշատի բաժին, ապա կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է  թողնվել:

Հրացանը հետաքննիչի կողմից վերցվել փաթեթավորվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր