211652_close_icon
views-count1072 դիտում article-date 10:49 10-02-2022

Մտածողության «ֆեյսբուքյան ոճը»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չարլզ Դիքենսի հերոսուհիներից մեկը կշտամբում է ամուսնուն. «Ձեր աղջիկը ամուսնացել է չքավորի հետ»: Ի պատասխան ամուսինն ասում է, որ իրենց փեսան ամենեւին էլ չքավոր չէ: «Ախ, այդպե՞ս,- զայրանում է տիկին Ուիլֆերը,- Դուք վստա՞հ եք: Հետեւաբար, Ջոն Ռոքսմիթն ունի հսկայական կալվածքներ: Մտքովս անգամ չէր անցնում: Շնորհակալ եմ, որ ինձ տեղեկացրեցիք»: «Կռիվ սարքելու» այդ կենցաղային ոճը, որը հաճախ է կիրառվում ընտանեկան վեճերի ժամանակ, նաեւ քաղաքական բանավեճի փաստարկման ամենահայտնի ձեւերից է, որը մեր օրերում ամեն քայլափոխի հանդիպում է սոցիալական ցանցերում:

«Հայաստանը տառապում է Փաշինյանի բռնապետության ներքո»: «Բայց մեր երկրի ռեժիմն ամենեւին էլ բռնապետական չէ»: «Ախ, այդպե՞ս՝ ես չգիտեի, որ մենք գտնվում ենք ժողովրդավարության բարձունքներում»: Կամ՝ հակառակը. «30 տարի էս խեղճ ժողովրդին թալանել են»: «Բայց 30 տարում, բացի թալանից, մեր պետության կյանքում եղել են դրական երեւույթներ»: «Հա, իհարկե, ստացվում է, որ Ռոբերտն ու Սերժը հրեշտակնե՞ր են»: Այսինքն՝ եթե դու համաձայն չես որեւէ չափազանցության հետ, քեզ միանգամից վերագրվում է հակառակ չափազանցությանը համամիտ լինելը, որը նույնքան սխալ է:

Հռետորական այդ հնարքը կիրառվում էր հնագույն ժամանակներից՝ պարզապես «սոցցանցային իրականության» առանձնահատկությունն այն է, որ այդ հարթակներում մտավոր եւ գիտելիքների ցանկացած մակարդակ ունեցող մարդ կարող է առարկել ցանկացած գրառմանը՝ այդպիսով արժեզրկելով բոլոր հնարավոր փաստարկները, տեղեկությունները, բանավեճերը: Օգտատերերի 90 տոկոսը դա անում է անգիտակցաբար եւ միանգամայն անշահախնդրորեն, 10 տոկոսը դրանով փող է աշխատում՝ երկուսն էլ նորմալ եմ համարում: Կարեւորը մարդկանց շարժառիթները չեն, կարեւորն այն իրողությունն է, որը ստեղծվում է դրա հետեւանքով:

Մարդիկ այսօր ավելի, քան երբեւէ, հակված են բոլոր հարցերին ստանալ պարզ, մեկ նախադասությունից կազմված պատասխաններ՝ սա մեղավոր է, սա դավաճան է, սա փրկիչ է: Երբ փորձում ես ցույց տալ, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան թվում է, եւ ցանկանում ես մի քիչ ավելի երկար բացատրել, այս դարաշրջանում դաստիարակություն ստացածները համբերություն չունեն դա լսելու ու երբեմն նաեւ զայրանում են քո «ոչ հստակ դիրքորոշումից»: Դա նման է այն իրավիճակին, երբ դուք ձեր երեխային ինչ-որ հեքիաթ եք պատմում, որի բովանդակությանը ծանոթացել եք գրքից, սկզբնաղբյուրից, բայց երեխան ձեզ ընդհատում է, ասելով՝ «դու սխալ գիտես», եւ սկսում է ներկայացնել նույն սյուժեով նկարահամված մուլտիկի տարբերակը, որը, որպես կանոն, աղավաղված է եւ շատ ավելի պարզունակ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր