211652_close_icon
views-count27544 դիտում article-date 15:53 09-02-2022

Տնօրենից բացի դպրոցները կունենան նաև համակարգող. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ դպրոցները կունենան նաև վարչատնտեսական մասի համակարգող:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախագծով սահմանվում է, որ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը եւ վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը: Ամրագրվել է, որ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Հստակեցրել ենք տնօրենի և համակարգողի գործառույթները՝ հստակ թվարկելով դրանք: Հստակեցրել ենք նաև վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու հնարավորությունը: Համակարգողի համար սահմանել ենք պարտավորություն՝ ամեն տարի խորհրդին ներկայացնել կատարված աշխատանքները»,-ասաց Անդրեասյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում ներառվել է դրույթ, որով նախատեսվել է, որ կամավոր ատեստավորման արդյունքում համապատասխան արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կփոխվի, որի վրա կկիրառվի նաև 5 տարվա հավելավճարը: «Էապես հեշտացրել ենք նաև տարակարգի կարգավորման դրույթները, ինչը մեզ հնարավորություն պետք է տա հասնել ուսուցչի վարձատրության էական բարձրացմանը: Քննարկվում է ուսուցչի դրույքաչափն ատեստավորման արդյունքում 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը, որն էլ համակցվելով երկու գործիքների առավելագույն հավելավճարների հետ, կարող է հասնել մինչև 400 հազար դրամի»,- ասաց փոխնախարարը:

Հստակեցվել է, թե որ դեպքում վարչական աշխատողները դպրոցում կարող են դասավանդել:

Տնօրենին անվստահություն հայտնելու մասով հստակեցվել է, որ պետք է հիմք ընդունվի լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշների կատարման եզրակացությունը: Հստակեցվել են որակավորման պահանջները տնօրենի համար, որտեղ մանկավարժի որակավորումը փոխարինվել է կրթության ոլորտի բարձրագույն կրթությամբ: Ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2026 թվականը: Հստակեցվել են նաև որակավորման պահանջները համակարգողի համար՝ համապատասխանեցնելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի որակավորման պահանջներին:

Ֆիքսվել է, որ դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել կամ լինել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության և նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերսհոկղություն իրականացնող մարմինների անդամ:

Նմանատիպ նյութեր