211652_close_icon
views-count231895 դիտում article-date 10:02 30-01-2022

Սպանություն Երևանի կենտրոնում. սպանվածը, ով ստացել է դանակի 8 հարված, ում մարմնում հայտնաբերվել է կոտրված դանակի սուր մասը, հիվանդանոցում մահացել է. հայտնաբերվել է գայլի գլխով արնոտված դանակը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20–ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից  ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է  ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության  Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու  նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել է նաև  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը:

Ոստիկանները տեղում պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ուրմի Շ.-ն է:

Ոստիկանները  հվանդանոցից պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի  գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժսմանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի  հրամանատարի տեղակալ Ալբերտ Հոհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհայտնվեն դեպքի վայրում, մինչև կժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի  Երևան քաղաքի  քննչական վարչության կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ:

Պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են  արնանման հետքեր:

 Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վաչական շրջանների դատախազի տեղակալ Պողոսյանը:

Տեղում քննչական բաժնի պետ Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ ու մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ  վիրավորը, ում մարմնի վրա առկա է եղել դանակի մոտ  8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել է կոտրված դանակի սուր հատվածը՝ մահացել է:

Փաստի առթիվ Դ. Կիրակոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Մինչ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, թե գիշերվա  1-ին սպանությունը դժվար էլ բացահայտվի, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով  իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու տեղեկացել են, որ ենթադրյալ կասկածյալը որտեղ է թաքնվում: 

Սպանությունից ժամեր անց Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Գրին Փալաս» հյուրանոցային համալիրում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 30-ամյա Ա. Հարությունյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նա և սպանվածը միասին աշխատում էին ծաղկի սրահում:

Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 197+
197+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր