211652_close_icon
views-count9594 դիտում article-date 11:03 28-01-2022

Բանակիս ու երկրիս կենացը, որ վաղը, ընդամենը վաղը Հրանտ Մաթևոսյանի ՏԵՔՍՏՈՎ մաքրագործված են ասպարեզ իջնելու և մեզ ետ բերեն ասպարեզ․Դավիթ Մաթևոսյան

Ես նորից ասում եմ` ԲԱՆԱԿԻՍ ԿԵՆԱՑԸ:

Ես ասում եմ դա այն բանակի համար, որը ստեղծվեց Հրանտ Մաթևոսյանի ստորև բերվող խոսքով:

Նրա խոսքով, ու արյամբ հազարավորների, որ այսօր էլ հոսում է, նրա խոսքով ու մտքով և գաղափարով մեր երեխա պետականության հիմնադիրների, նրա մտքով ու խոսքով և արյամբ Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի, Լեոնիդ Ազգալդյանի,.. քանի տասնյակ, քանի հարյուր անուն պիտի տամ, որ ցուցակը մի կերպ կիսով չափ ճշմարտանման դառնա, բայց վերջը դարձյալ չերևա...

Բանակիս կենացը, քանի որ այդ բանակի մեջքը հետագա քսան տարում էլ, վերջին այլանդակ պատերազմում էլ չկարողացան ցմրուր պղծել ու եղծել ու այսօր էլ չեն կարողանում, վաղն էլ չեն կարողանալու` ԱԿՈւնՔԸ` ՎՃԻՏ, ԳԱՂԱՓԱՐԸ ԽՈՐՆ Է ԵՂԵԼ:

Մաթևոսյան Հրանտը մի "Ազգային բանակ" ֆիլմի համար խոսք է գրել:

Մինչդեռ այդ խոսքը` գաղափարն այդ` ՏԵՔՍՏԸ ԲԱՆԱԿԻ ԵՐԴՄԱՆ, ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐ ՀԱՅԻ`

ԶԻՆԱՊԱՐՏԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏ Է: Եվ քանի որ այդ ՏԵՔՍՏԸ ԿԱ ու ՎԱՂՆ ԷԼ ԼԻՆԵԼՈւ Է` ԲԱՆԱԿՍ ԷԼ ԼԻՆԵԼՈւ Է, ԵՐԿԻՐՍ ԷԼ:

Բանակիս ու երկրիս կենացը, որ վաղը, ընդամենը վաղը Հրանտ Մաթևոսյանի ՏԵՔՍՏՈՎ մաքրագործված են ասպարեզ իջնելու և մեզ ետ բերեն ասպարեզ.
--------------------------
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԵՍ ՏԵՐ ԵՄ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԻՆ

(Ես՝ ապրելու կոչվածս)

Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ։

Հայրենիքները նվաճվում են ամեն օր։

Բայց ընդմիշտ տրված հայրենիքներ, չկան։ Վատ որդիներ են այն որդիները, որ իրենց հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում։

Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում։

Ո՛չ մի ժառանգ, ո՛չ մի սերունդ, որտեղից և ումից էլ սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից:

Եվ եթե կարծեց՝ ապահովագրված է, ավելի լավ հարևանի համար, որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի, և քեզ, ուրեմն, շատ գիտի, և քո կանանց` հարճեր, և միշտ, ամեն լուսաբացի ու Աստծո ամեն մայրամուտի հետ, փորձելու է պարիսպներիդ ամրությունը։

Պարիսպդ եթե ամուր եղավ ու շներդ զարթուն, նա քեզ հարևան է մնալու՝ ո՛չ չար, ո՛չ բարի՝ հա-րե-վան։ Հորդ տունն ու պարիսպը և անունն ու համբավը քո ձեռքով ու քեզանով եթե նորոգ չգտավ, դու ուրեմն չկաս: Հետո գնա նստիր օտար երկինքների տակ ու փախստականի տանջված ոտներդ տրորելով, գանգատվիր սրտիդ ուզածի չափ, թե` ախ, հորս բերդերն ու պարիսպները, հորս արտերն ու այգիները, հին վեհագույնների մեջ իմ բարձր, նախնու շուքն ու փառքը:

Իսկ քո՞նը, քո՞նը , քո անձնակա՞նը, քրտինքի քո կաթի՞լը` քո դրած տունկի, քո արյան շիթը, քո սահմանների վրա, բերանդ ծվատող քո համբույրը այն երկրին, որ գուցեև իսկապես քո նախնունն էր, բայց այսօր արդեն քոնը չէ։

Օտար դատավորների առջև կանգնած զրկվածիդ մեջ չէ, որովհետև երկիրդ ապավինեցիր նախնաց պարիսպներին ու նախնուդ Աստծո զորությանը:

Աստծու տված բնույթը գիտես.

Աստված միշտ արթուն ողջերի հետ է:

Հայրենի՞քը․․․ Հայրենիքը դո՛ւ ես, իմ ապրած ժամանակի մեջ:

Կա՞ այդ ժամանակի մեջ քո ծննդյան ճիչը, քո կյանքի երգը, կյանքի քո կարոտը, քո շառաչուն ընդվզումն ու տիրական համբերությունը։

Լո՞ւռ է, լռո՞ւմ է, չկա՞ քո երգը քո ժամանակի մեջ` չկաս դու, չես եղել, չի եղել իմ ժամանակը:

Այդպիսի ժամանակ առհասարակ չի եղել:

Պատմությունը մկրատը գցել-կտրել, նետել է քո ժամանակը քեզ հետ, ծայրը ծայրին բերելով` կցմցել ուրիշներին, ուրիշ ժամանակներին:

Այսօրվա իմ կայուն ներկայությունը պարտադիր է, որպեսզի նույնիսկ եղածը եղելություն լինի:

Եվ իմ բացակայությունն այսօրվա մեջ, զինվորիս բացակայությունը այսօրվա մեջ պարպելու, ամայելու է ոչ միայն իմ ապագան իմ երկրում, այլև անցյալս:

Զիվորի իմ բացակայությամբ այդ պատմաբանն-հնէաբանները իմ երկրի անցյալը հարմարեցնելու են իրենց ցեղերի ապագային:

Նրանք տեսություն են հորինել ու ամեն օր թույն են կաթեցնում ականջս, թե ազգերը հնանում, եկողները ասպարեզից հեռանում են, թե ցեղեր են գալիս, ցեղեր են գնում:

Զինվորի իմ վստահ ներկայությունը ո՛չ է ասելու նրանց, ասելու է` հավերժորեն նորոգվում են ազգերը, և որդիները իրենք նորոգ հայրերն են, և նախնիներիս պատկերների հին աստվածները զորանում են իմ եռանդով և ճիշտ իմ պատկերին են գալիս:

Զինվորի իմ և քո ներկայությունն այսօրվա մեջ շա՛տ է հարկավոր, պարտադիր անհրաժեշտություն է, չարքաշ, լուռ զինվորի և ո'չ խփող, փախչող ավազակի:

Իմ ու քո մարմինը, գիտես, զանազան նյութերի շատ քմահաճ միություն է, չի սիրում աշխատել, դիմանալ, համբերել, կանգնել, չի սիրում մտքի ու մկանի ճիգով վաստակել իր հացն ու փառքը: Ուզում է ավարել ու փախչել:

Մանրիկ այդ ավազակի ականջը մի րոպե բաց թողեցինք, արձակվելու, ձեռքը զենքի է մեկնելու, և գուցե թե գնա ու իր համար նույնիսկ անուն բերի` խիզա՜խ, կտրի՜ճ, քա՜ջ, հերո՜ս, ազա՜տ:

Բայց արժանավայելը ավազակն է, որովհետև ասված է. «Զենքը ամեն մարդի բան չէ»:

Եվ դարձյալ ասված է. «Ձիու վրա էր` Աստծուն էր մոռացել, ձիուց իջեցրին` ձիուն է մոռացել»:

Ձիու վրա Աստծուն մոռացողներս քիչ չենք:

Ուրեմն` այս հայրենիքի զինվորը չենք, զինվորացուն էլ չենք:

Հայաստանի Հանրապետություն ասված եզակի մոնումենտը հայոց մեր երկար դարերի մեջ իմ ու քո աշխատանքային կամքի վրա է հավաքվելու։

Յուրաքանչյուրիս հոգու մանրիկ ավազակի հետ ոչ մի հույս չկապենք:

Նա բեռ տանող չէ, նա օջախը վառ պահող չէ, նա տեղում կանգնող չէ:

Հայաստանի Հանրապետության մոնումենտի ծեփը նրան չի բռնի և չի բռնելու երբեք:

Մեր վստահ ու լուռ գոյությունը համարիր պողպատիդ պինդ ներկայությունը տաճարների կառույցներում:

Այս տարածությունները ի մի է հավաքելու, պետությունը կոթողային կառույց է դարձնելու զինվորը, ես ու դու, մենք:

Ծանր է թշնամու ատելության մեջ ապրել։ Բայց անտանելիորեն անհնար էր լինելու նրա արհամարհանքի մեջ քարշ գալը։

Ծանր է պարտությունը, բայց ավելի ծանր՝ փախչելը։

Շփոթված դեսուդեն ես ընկնում, քեզ պատերով ես խփում և չե՛ս ազատվում, չե՛ս հեռանում թշնամու քամահրանքից, որովհետև դա նաև քո քամահրանք է քեզ։

Քո նախնին իր և քո ճակատից սրբել է այդ կարմիր ամոթանքը։ Թշնամու քամահրանքի բեռը նետել է իր և մեր հոգուց։

Այսօր էլ ես կհաստատեմ․ իմ նախնու ժառանգն եմ, և իմ խիղճս մաքուր կլինի և ընթացքս՝ թեթև։

Մեր ներկայությամբ երկիրդ Հայաստան է ասվելու, մայրդ` մայր, քույրդ` քույր, կաթողիկոսդ վեհափառ է կոչվելու, և նախագահդ` նախագահ:

Թե չէ գիտես աշխարհի լեզուն անսահմանորեն բառաշատ է, ուրիշ բառեր ունի և երկրիդ, և կաթողիկոսիդ, և հենց ինձ ու քեզ համար: Ինձ ու քեզ․․․ Խլանամ ու չլսեմ։

Կուրանամ ու չտեսնեմ այդ օրը։

Ես` զինվորս, կանգնելու եմ մեն մի անգամ, մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի մեջ և ասում եմ. «Ես` ես եմ, ես տե՛րն եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տե՛րն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որ ես հայրենիք եմ դարձնում, ի՛մ հայրենիքը:

Իմ պարտությունն այսօր ամեն ինչի վերջն է։ Աստված չանի, անտեր հուշեր չեն լինում։

Ամեն, ամեն ինչի վերջն է։

Իմ հաղթանակն այսօր սկիզբն է ամեն ինչի գոյության, երեկվա հաղթական կանչերի և այսօրվա իմ փառքի, ծնողիս սուրբ գերեզմանի և երեխայիս զնգուն օրվա։

Սկիզբն է ամեն, ամեն ինչի»։

Նմանատիպ նյութեր