Այսօր՝ հունվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած Isuzu մակնիշի ավտոմեքենայով Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ-ում՝ գերեզմանոցի հարակից տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 34-ամյա Կարեն Շ-ն, 25-ամյա Հարություն Պ-ն, վարորդ Գրիգոր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներից Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Վահագն Շ-ն «Բերդ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտակամ հաշվարկ։ Վիրավորներին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները, և օպերատիվ են գործել Բերդի բժշկական կենտրոնի բժիշկները։
Ժամանել են նաև ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մայիլյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Բերդի բաժնում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. Isuzu-ն, մոտ 100 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցը մահացել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2022.01.26 20:06


