211652_close_icon
views-count75327 դիտում article-date 11:22 16-01-2022

Կասկադյորական ավտովթար Էջմիածնում. 17-ամյա վարորդը Nissan-ով տապալել է էլեկտրասյունը, գազախողովակն ու հայտնվել մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 16-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 17-ամյա Հրաչ Վ.-ն իր վարած  Nissan մակնիշի 10 DO 022  համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/2  հասցեի առջև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակին և խանութի պատին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր քաղաքացիների հետ օգնություն են ցուցաբերել վարոդին,  ապա տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ   Ա. Վերդյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին,  որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելու իրավունքի վկայական չի ունեցել:

Օպերատիվորեն  ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների  ներկայացուցիչները, ովքեր մի քանի ժամ շարունակ վերացնում էին վթարի հետքերը, որպեսզի հետո վերականգնեն  էլեկտրասյունն ու գազախողովակը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր