211652_close_icon
views-count7486 դիտում article-date 22:40 07-01-2022

Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը անընդունելի է համարել Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին, որտեղ նախագահում է ՀՀ-ն. Գանտահարյան

Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այդ կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Թուրքիայի նախկին արտգործնախարարի մեկնաբանությունը շատ ուշագրավ բաղադրիչներ է ներառնում։ Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այդ կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։

Կարծում եմ՝ Դավոթօղլուի այս բանաձեւում ամփոփվում է Անկարայի ամբողջ ուղղությունը այս կոնֆլիկտում։ Զուտ հայկական գործոնով պայմանավորելով դիմումի անընդունելիությունը՝ Դավութօղլուն ծխածածկույթ է ստեղծում»,- ընդգծեց Գանտահարյանը։

Ըստ նրա՝ երբ նույն հայտարարությունում ասվում է, որ Ղազախստանը թուրքական աշխարհի ամենակենտրոնական երկիրն է, ըստ էության, համաթուրքական ծրագրի գաղափարախոսությունն է, որ առաջ է քաշվում։ «Հայաստանի նախագահությունը շատ երկրորդական նշանակություն ունի այստեղ․ սլաքը հիմնովին եւ ուղղակի ուղղված է Մոսկվային, որը խորքային առումով ղեկավարում է ՀԱՊԿ-ն»,- շեշտեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը՝ հավելելով, որ թուրքական անհանգստությունը ռուսական զորքերի Ղազախստան տեղակայմանն է վերաբերում։ Նրա գնահատմամբ՝ սա արդեն խոսում է ռուս-թուրքական մրցապայքարի, շահերի բախման նոր ռազմավարական կետի մասին։

Գանտահարյանի կարծիքով՝ հետխորհրդային հանրապետություններից Ուկրաինայից հետո, Ղազախստանը դառնում է ռուս-թուրքական շահերի բախման երկրորդ թատերաբեմ։

Նմանատիպ նյութեր