211652_close_icon
views-count1866 դիտում article-date 15:44 29-12-2021

Նիկոլը Հայաստանը տանում է գրպանային դիվանագիտության ճանապարհով․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այլընտրանքային նախագծերի խումբ նախաձեռնությունը հոդված է հրապարակել, որում նշվում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է գրպանային դիվանագիտության ճանապարհով։ Մեծ գրպաններ» ունեցող պետություններն իրար հետ կպայմանավորվեն, և արդյունքը կախված կլինի նրանց՝ տվյալ պահի առավելություններից ու խնդիրներից։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Իր բնավորության համաձայն՝ սովորաբար իրականությունը ոչ  բարդացնող և ոչ էլ մեղմող Ռ. Քոչարյանը  ասուլիսում, այնուհանդերձ, մի փոքր խնայող գտնվեց։ Խոսելով Արցախի շուրջ զարգացումների մասին՝ նա տվեց ձևակերպում, թե «այս իշխանությունը որոշ ժամանակ հետո ասելու է՝ Ղարաբաղի հարցն այլևս ինձ հետ կապ չունի, և գցելու է Ռուսաստանի գրպանը»։

Նման պայմաններում միակ հետևությունը, որ պետք է անել, հետևյալն է. թույլ չտալ, որ այդ անդառնալիության պահին Հայաստանում լինի այս իշխանությունը։

Բայց խնդրի խորությունը սրանով չի սահմանափակվում։ Իրականում այս իշխանությունը նույն ճակատագիրը պատրաստել է նաև Հայաստանի համար։ Մի պահի Հայաստանն են փորձելու «գցել Ռուսաստանի գրպանը», իսկ թե դա չստացվի՝ Թուրքիան կա ու կա։

Մեր պետությունը հենց այդ կետին է գնում, երբ կորցնելու է ոչ միայն սուվերենությունը, այլևս՝ ինքնուրույն գոյատևելու, ինքնուրույն կենսագործունեություն ունենալու հնարավորությունը։

Նիկոլը Հայաստանը տանում է գրպանային դիվանագիտության ճանապարհով։ Այս իշխանության բովանդակությունը միայն նման հանգրվան է նախատեսում։

«Մեծ գրպաններ» ունեցող պետություններն իրար հետ կպայմանավորվեն, և արդյունքը կախված կլինի նրանց՝ տվյալ պահի առավելություններից ու խնդիրներից։ Կպայմանավորվեն ոչ թե մեզ համար, այլ՝ մեզ վրա։

Այս իշխանությունը ոչ մի բանի պատասխանատվություն չի վերցնում։ Ինչպես բոլոր ներքին տապալումներում է ասում «ես մեղավոր չեմ, մեղավորը ուրիշներն են», այնպես էլ՝ պետության ամբողջականության և սուվերենության հարցում մի օր ասելու է՝ ես ի՞նչ կապ ունեմ, դա կախված է Ռուսաստանից կամ Թուրքիայից։

Սրան զուգահեռ պրոցես է մշակութային կապիտուլյացիան։ Դատախազների մուղամի ներքո անձնուրաց քեֆը պատահականություն չէր։ Եթե լիներ այդպիսին, ապա կլինեին հետևանքներ։ Կա վարկած, որ դատախազը մուղամի հանդեպ իր հրապարակային սիրո ցուցադրումով փորձել է քծնել Նիկոլին՝ ողջունելով նրա պրոթուրքական աշխարհայացքը։ Հայաստանյան իրականության մեջ այլևս զարմանալու ոչինչ չկա։ Գուցե դա իսկապես այդպես է, գուցե՝ ոչ, բայց փաստ է, որ այս իշխանական էլիտան իր ղեկավարով շարունակում է նույն երգչի /երգիչների/ մասնակցությամբ՝ մուղամի տակ իր քեֆերը։ Մշակութային, արժեհամակարգային կապիտուլյացիան միշտ ուղեկցում է աշխարհայացքային և քաղաքական կապիտուլյացիային։

Սա էլ այն հարցի պատասխանը, թե ինչու է մեզ հնարավորինս սեղմ ժամկետներում պետք նոր, սոլիդ իշխանություն։ Պետք է մեղմել բոլորի գայթակղությունը՝ Հայաստանը տեսնելու իրենց գրպանում, իրենց պատկերացումների, իրենց արժեքների, իրենց մշակույթի ճիրաններում։ Իհարկե, նման իշխանություն մենք ունենալու ենք, բայց իրավիճակն այնպիսին է, որ անդառնալիության կետերն արագ են հաջորդում իրար, ու չվերականգնվող կորուստները հետևաբար շատանում են»։

Նմանատիպ նյութեր