211652_close_icon
views-count2758 դիտում article-date 09:49 14-12-2021

350 մլն դրամ գյուղտնտեսվարողներին՝ հույժ գաղտնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում որոշվեց 2021թ. պետական բյուջեով հաստատված վարչապետի աշխատակազմի «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Գյուղացիական տնտեսավարողներին տրամադրվող աջակցություն» միջոցառման գծով հատկացումներից 350 մլն դրամը վերաբաշխել Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրման նպատակով` տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով: Հարցը օրակարգում ներառվեց կառավարության նիստի սկսվելուց մի քանի րոպե առաջ: Այն օրակարգի վերջին հարցն էր եւ օրակարգում ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում, ընդ որում՝ որոշման 2-րդ կետը՝ հույժ գաղտնի:

Ամփոփաթերթում նշված է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն է առաջարկել ծրագրի վերջնական արդյունքի նկարագրությունը շարադրել հետեւյալ ձեւակերպմամբ՝ «Գյուղատնտեսական մթերքների ծավալների ավելացում», «Օգտագործվող վարելահողերի ավելացում»: «Պտուղբանջարեղենի եւ խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների աճ»: Եվ եթե այդպես է, ապա էլ ինչո՞ւ է այն համարվել հույժ գաղտնի:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 36-րդ հարցով որոշվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` գյուղացիական տնտեսավարողներին աջակցության նպատակով: Այդ հարցը նույնպես օրակարգում ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում: Որոշման 2-րդ կետը դարձյալ հույժ գաղտնի էր: Այդ որոշումն էլ ընդունվեց առանց հիմնավորման։ 350 մլն դրամի գյուղտնտեսվարողներին գումար տրամադրելու հարցն ինչո՞ւ պետք է հույժ գաղտնի լիներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր