211652_close_icon
views-count1762 դիտում article-date 19:50 03-12-2021

Արդարադատության նախարարը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք չպետք է ունենա. դատավոր Ազարյան. NEWS.am

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու քանակի աճ եմ նկատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

«Կարգապահական վարույթ հարուցում է Արդարադատության նախարարը, որը, իմ կարծիքով, սխալ է։ Փաստացի, գործադիր մարմնի ներկայացուցիչը, այսինքն՝ իշխանության մի ճյուղի ներկայացուցիչը, կարող է որեւէ կերպ ազդել եւ ազդում է դատական իշխանության ներկայացուցիչների վրա։ Սա, իմ խորին համոզմամբ, անթույլատրելի է։ Այսինքն՝ նախարարը չպետք է իրավունք ունենա կարգապահական վարույթ հարուցելու դատավորների նկատմամբ»,- ասաց դատավոր Ազարյանը։

Նշենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 29-ին դատավոր Զարուհի Նախշքարյանին խիստ նկատողություն էր հայտարարել՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

Այդ առնչությամբ Ալեքսանդր Ազարյանն ասաց, որ ծանոթ չէ դատավոր Նախշքարյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման պատճառաբանական մասին.

«Նույնիսկ եթե այդ որոշման պատճառաբանական մասին ծանոթ լինեի, ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանել կամ գնահատել ցանկացած ակտ, որն ինձ չի վերաբերում»։

Ազարյանը զերծ մնալով իր կողմից գնահատականներ հնչեցնելուն՝ ներկայացրեց չեզոք անձանց կարծիքն այդ որոշման կապակցությամբ. «Ես շատ մարդկանց հետ եմ շփվում, ինձ հետ շփվողները, որոնք գիտակից եւ բանիմաց մարդիկ են, բոլորը միանշանակ պնդում են, որ Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում»։

Նշենք, որ ԲԴԽ-ի կողմից կայացված այս որոշումը վրդովվեցրել է փաստաբանական համայնքին եւ մի շարք դատավորներին։ Նրանք պնդում են, որ դատավորի նկատմամբ քաղաքական ճնշումներ են իրականացվում, քանի որ Նախշքարյանը իշխանություններին հաճելի որոշումներ չի կայացնում։

Նմանատիպ նյութեր