211652_close_icon
views-count2611 դիտում article-date 15:40 30-11-2021

Նախարարն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ից կիրառվող սահմանափակմանը

2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնության մեջ որևէ արտառոց բան չկա ` բազմաթիվ երկրներ կիրառում են այն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 «Համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը վերահսկելու տեխնիկական մեխանիզմները կան. տեսչական մարմինն ու ոստիկանությունը վաղուց են վերահսկման գործառույթներ իրականացնում։

Օրինակ`  Փարիզում մեր քաղաքացիները սրճարանից օգտվելիս նույն կերպով հավելվածի միջոցով հավաստում են իրենց պատվաստված լինելու հանգամանքը: Այո, կորոնավիրուսը անցանկալիորեն ստեղծել է ճնշումներ թե առողջապահական, թե տնտեսական համակարգերի վրա: Մեր կողմից կիրառվող միջոցառումներն էլ ուղղված են նրան, որ մեր երկրում իրավիճակը դուրս չգա կառավարելիության շրջանակներից, որ մենք չունենանք մարդկային ու տնտեսական կորուստներ»,- ընդգծեց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` Կառավարության ջանքերը ուղղված են զսպման մեխանիզմներով քաղաքացիների կյանքն ու առողջությունը, նաեւ տնտեսությունը փրկելուն:

Նախարարը նշեց նաև, որ սահմանափակումները հունվարի 1-ից են կիրառում, որպեսզի պատվաստվածների թիվն ավելանա.

«Պատվաստման օրական ցուցանիշներն էլ ցույց են տալիս, որ արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի նաև հանրային սննդի օբյեկտներին, այլ հակառակը», - ասաց Ավանեսյանը:

Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:

Նմանատիպ նյութեր