211652_close_icon
views-count1644 դիտում article-date 22:34 19-11-2021

Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է անհապաղ դուրս բերվի ՀՀ տարածքից. ԵԽ պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել օգտագործել բոլոր լծակները

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները նամակում են հիշեցրել են, որ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 16-ին հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով:

«Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք ադրբեջանական հարձակումը և ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից»,-ասված է նամակում:

Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ խորապես ցավում են հարձակման հետևանքով մարդկային կորուստների համար։ Նրանք շեշտել են՝ Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններում բնակչության անվտանգությունը, խաղաղ, բնականոն կյանքը և մարդու իրավունքները ոտնահարելուն ուղղված ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն պետք է անհապաղ դադարեցվի։

«Կոչ ենք անում ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը օգտագործել իր բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը»,-շեշտել են ԵԽ պատգամավորները:

17 պատգամավորների թվում են Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն, գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը, հույն պատգամավոր Եվա Կաիլին և այլք:  

Նոյեմբերի 16- ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսաստանյան կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր: Սյունիքում ծավալված վերջին մարտերի հետևանքով հայկական կողմից հաստատվել է 6 զոհի մասին տեղեկատվությունը: Հայկական կողմն ունի 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Նմանատիպ նյութեր