211652_close_icon
views-count1513 դիտում article-date 12:03 18-11-2021

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ

Նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ժամանակահատվածի համար։

Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղերի համար ներկայացված էին չորս երկրների՝ Հայաստան, Լիտվա, Ուկրաինա և Ադրբեջան, թեկնածությունները:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով առավելագույն 146 ձայն, առաջին տեղով ընտրվեց Գործադիր խորհրդի կազմում։

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է ընտրվել առաջին անգամ` 1992թ.ից ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունից ի վեր։ ԳԽ-ին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառություններն և առաջնահերթություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրագործմանը, բոլորի համար որակյալ կրթության հասանելիության ապահովմանն ու մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։

Տեղեկանք. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը բաղկացած է 58 անդամ երկրներից և իր նշանակությամբ կազմակերպության երկրորդ կարևորագույն մարմինն է Գլխավոր համաժողովից հետո։ Գործադիր խորհրդի նիստերը գումարվում են տարին երկու անգամ և վերջինիս հիմնական գործառույթն է Գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումների պատշաճ իրականացման ապահովումը։

Նմանատիպ նյութեր