211652_close_icon
views-count17434 դիտում article-date 19:07 02-11-2021

Հրազդանն ընտրվել է Հայաստանի 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Հրազդանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնի դարձավ նոյեմբերի 2-ին:  Մրցույթի կազմկոմիտեն ամփոփեց արդյունքները փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ հայտ են ներկայացրել Հրազդանը, Արմավիրը, Եղեգնաձորը և Ալավերդին:

«Հայաստանում ամեն բան հիմնականում կենտրոնացված է մայրաքաղաքում, և սա շատ կարևոր միջոցառում է տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից, տարածքների խելամիտ կառավարման հեռանկարային ռազմավարական  դրույթից, որն արտացոլված է նաև Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ: Սա  հնարավորություն է մարզերում երիտասարդական կյանքն աշխուժացնելու և մայրաքաղաքային կյանքի ռիթմը տվյալ քաղաքում ապահովելու համար»,-ասաց փոխնախարարը:

Խոսելով միջոցառումների մասին, որոնք կանցկացվեն ընտրված քաղաքում՝ Մարտիրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաք ներկայացնում է միջոցառումների ցանկ, որոնք կյանքի կկոչվեն պետական բյուջեից տրամադրված գումարներով և տեղական ինքնակառավարման բյուջեով:

«Մի բան միանշանակ է, որ միջոցառումները պետք է ուղղված լինեն մշակութային կյանքի աշխուժացմանը, երիտասարդների կարողությունների զարգացմանը: Մենք հաջորդ տարի հյուրընկալելու ենք հայ-վրացական, հայ-ռուսական ֆորումներ և չի բացառվում, որ նման միջոցառումները ևս անցկացվեն Երևանից դուրս՝ հենց երիտասարդական մայրաքաղաքում»,-շեշտեց Արթուր Մարտիրոսյանը:

Փորձագիտական հանձնաժողովի անդամ Անի Հովսեփյանը, որը երիտասարդական աշխատանքի փորձագետ է, նշեց, որ հաղթող քաղաքն ընտրվել է՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ, որոնք նախապես տրամադրվել են կազմկոմիտեին: Փորձագիտական թիմի ձեռքում են եղել նաև հայտատու քաղաքների դիմումները: «Չափանիշներից են տվյալ քաղաքում երիտասարդական կենտրոնների առկայությունը, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական կենտրոնների, կազմակերպությունների միջև կապը, համագործակցության եզրերը, հայտատու քաղաքի ենթակառուցվածքները, որոնք հնարավորություն կտան հյուրընկալելու երիտասարդական միջոցառումներ և այլն»,-նշեց նա:

2021 թվականին երկրի երիտասարդական մայրաքաղաք էր ընտրվել  Կապանը, որտեղ հյուրընկալվել են ԱՊՀ մի շարք  միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր