211652_close_icon
views-count26717 դիտում article-date 21:51 30-10-2021

Քեզ բացակա չենք դնի. Արցախյան երեք պատերազմներին մասնակցած, նահատակված ու լեգենդ դարձած Գագիկ Սարգսյանի («Քարանձավի Գագո») անվամբ Մալաթիայում բացվեց խաչքար և պուրակ. ներկա էին նաև մարտական ընկերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Օհանովի 4 շենքի բակում էին հավաքվել Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, Արցախյան երեք պատերազմների մասնակից, նույն թաղամասի բնակիչ, լեգենդ դարձած հերոս Գագիկ Սարգսյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ մարտական, Երկրապահ Կամավորականների Միության անդամներ, այդ թվում՝ Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղի, ովքեր մասնակցեցին Գ. Սարգսյանի հիշատակին նվիրված խաչքարի և պուրակի բացման արարողությանը:
 
Սպիտակ սավանը խաչքարի վրայից իջեցրեց Գ. Սարգսյանի՝ ով ավելի շատ հայտնի էր «Քարանձավի Գագո», թոռնիկը՝ արդեն իրեն զինվոր համարող ու պապու գործը շարունակող փոքրիկ Գագիկը, որից հետո հոգևոր հովվի կողմից օծվեց խաչքարը, ապա հնչեց Տերունական աղոթք ու հոգևոր հովիվը կենդանի կատարմամբ Գ. Սարգսյանի ու մյուս նահատակված հերոսների պատվին հոգևոր երգ կատարեց:
 
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին, ապա ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու հերոսի շիրիմին:
 
Ելույթով հանդես եկան նաև Գ. Սարգսյանի մարտական ընկերները:
 
Գագիկ Առաքելի Սարգսյան, ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում։
 
Ամուսնացած է, ունի երեք դուստր։ Սովորել է Մ. Նալբանդյանի միջնակարգ դպրոցում։ 1972թ. զորակոչվել է խորհրդային բանակ։ 1974թ. ընդունվել է Երևանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ։ Ակտիվ զբաղվել է սպորտով, մասնավորապես՝ ազատ ոճի ըմբշամարտով։ Ունեցել է բազմաթիվ հաղթանակներ, սպորտի վարպետի թեկնածու է։
 
Արցախի ազատագրման պայքարին սկսել է մասնակցել 1992թ.-ից։ 1992թ.-ից մասնակցել է Կարմիրավանի, Լենինավանի, Խնձորեսկի մարտերին։ 1993թ Ղոչազի մարտերի ժամանակ վիրավորում է ստացել։ 1993թ եղել է Արջաձորում։ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, ապրիլի 8-ից մինչև մայիսի 3-ը գտնվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՄԸՎ-ում, իսկ մայիսի 8-ից մինչև մայիսի 25-ը գտնվել է ԼՂՀ ՊԲ առաջնագծում։
 
Մարտական կյանքի ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով։ 2020թ սեպտենբերի 29-ից «Աշխարհազորային կամավորական ջոկատներ» հասարակական կազմակերպության կողմից կամավորագրված աշխարհազորային գումարտակի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին։ Եղել է Հադրութում, Ֆիզուլիում, Մարտակերտում, Մարտունիում։ Հադրութում բարեհաջող դուրս է եկել 4-օրյա շրջափակումից։
 
Գագիկ Սարգսյանը զոհվել է Արցախի Հանրապետությունում՝ մարտական գործողությունների ժամանակ։
 
Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» Առաջին աստիճանի շքանշանով:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր