211652_close_icon
views-count37016 դիտում article-date 15:55 01-07-2021

Քեզ բացակա չենք դնի. Երևանում՝ Տիգրան Մեծի 36 շենքի բակում, բացվեց Արցախյան վերջին պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 22-ամյա հերոսի անվամբ հիշատակի խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 1-ին, Երևան քաղաքի Տիգրան Մեծի 36 շենքի բակում տեղի ունեցավ խաչքարի հանդիսավոր օծում և հուշատախտակի բացում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսուհետ Տիգրան Մեծի 36 շենքի բակի այդ անկյունը բնակիչների համար դառնալու է մի փոքրիկ «Եռաբլուր զինվորական պանթեոն»։

Խաչքարի հանդիսավոր բացումը կատարեցին նշված շենքի բնակիչ՝ Արցախյան վերջին պատերազմում իր կյանքը զոհաբերած Լիպո Դաշտոյանի քույրերը, որից հետո հոգևոր հայրերի կողմից Տերունական աղոթքը հնչեցնելուց հետո խնկարկում կատարվեց, այնուհետև միջոցառման մասնակիցները՝ հերոսի հարազատները, ընկերները, հարևաններն ու բարեկամները, զինակից ընկերներն ու զորամասից այցելած ծառայողները ծաղիկներ խոնարհեցին։

Այսօր 22-ամյա հերոսը պետք է զորացրվեր։ Նա այսօր պետք է ծաղկեփունջը ձեռքին անակնկալ մատուցեր ծնողներին, քույրերին, բայց, ցավոք, 2020 թվականի Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական, հետո, նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախ աշխարհի վրա, Լիպոն իր զինակից ընկերների հետ մինչև վերջ պայքարեց նենգ թշնամու դեմ։

Դեռ մանկության տարիներից նրա հերոսներն էին Մոնթեն, Վազգեն Սարգսյանը, Զորավար Անդրանիկը, Չաուշը և բազմաթիվ հերոսներ։ Ճակատագրի բերումով՝ հերոս դարձած Լիպո Դաշտոյանին հուղարկավորեցին նրա սիրելի հերոսների կողքին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

22-ամյա հերոսն իր կարիերան սկսել է մանկուց. 8 տարեկանից սկսած՝ պրոֆեսիոնալ մարզվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, հետո տեղափոխվել է «Ֆուրման Աբրահամյան» ակումբ։ Որոշ ժամանակ անց «Ֆուրման Աբրահամյան» ակումբից տեղափոխվել է «Բանանց» ակադեմիա, որից հետո կրկին տեղափոխություն՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ։ Մեկ տարի շարունակ մարզվել է «Ալաշկերտ» մանկապատանեկան առաջնությունում։ 17 տարեկանում պայմանագիր է կնքել «Ալաշկերտ» բարձրագույն խմբում, որից հետո տեղափոխվել է  «Ալաշկերտ» երկրորդ խումբ։ Հինգ տարի շարունակ ունեցել է «Ալաշկերտ» պրոֆեսիոնալ ակումբի պայմանագիր, ունեցել է Առաջին խմբի և բարձրագույն խմբի որակավորման կոչում։ Հավակնորդ է եղել՝ հավաքականի թեկնածու, խաղային դիրք, հարձակվողական դիրքի կիսապաշտպան։

Սովորել է Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 377+
377+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր